«Թալիբան» շարժման անվտանգության ուժերը մարտական զենք են կիրառել Աֆղանստանի արևմտյան Հերաթ քաղաքում տեղի ունեցած հազվադեպ բողոքի ակցիան ցրելու համար։ Տեղի բնակիչները փողոց են դուրս եկել այն բանից հետո, երբ սկսվել են կանանց զանգվածային ձերբակալությունները, ովքեր մեղադրվում են իսլամական խիստ դրես-կոդի խախտման մեջ։ Իրավիճակի մասին BBC-ին հայտնել են ականատեսներն ու ցույցի մասնակիցները։
Բժիշկների տվյալներով՝ բախումների ընթացքում զոհվել է երկու մարդ, սակայն չեն հստակեցվել նրանց մահվան կոնկրետ պատճառը։ Բողոքի ակցիայի ևս մի քանի մասնակիցներ ստացել են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ։
Հերաթի փողոցներ են դուրս եկել ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք։ Սա տեղի է ունեցել մի քանի օր անց այն բանից, երբ թալիբների կառավարության տեղական պաշտոնյաները սկսել են այն կանանց զանգվածային ձերբակալությունները, որոնց արտաքին տեսքը, իշխանությունների կարծիքով, «չէր համապատասխանում հիջաբ կրելու կանոններին»։
Հերաթի ոստիկանության ներկայացուցիչները հերքել են զոհերի մասին տեղեկությունը, սակայն ընդունել են ուժային միջամտության փաստը։ BBC-ի համար արված մեկնաբանության մեջ ուժայինները հայտարարել են, որ աշխատակիցներն «օպերատիվ միջոցներ են ձեռնարկել անվտանգության ապահովման և հասարակական կարգի պահպանման համար»։ Ընդ որում՝ գերատեսչությունը հրաժարվել է հստակեցնել, թե կոնկրետ ինչ մեթոդներ են օգտագործվել ամբոխը ցրելու համար, և անտեսել է հրազենի կիրառման վերաբերյալ լրագրողների ուղղակի հարցը։
Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը Ֆրանսպրես գործակալությանը հայտնել է. «Անվտանգության ուժերը կիրառել են մահակներ, մտրակներ և հրազեն՝ ամբոխը ցրելու համար։ Նրանք նույնիսկ օդ են կրակել։ Ես անձամբ վիրավորներ եմ տեսել։ Փողոցներում վախ է տիրում»։
Ֆրանսպրես գործակալությունը մեջբերել է նաև դեպքի վայրում հայտնված մի լուսանկարչի խոսքերը։ Ըստ նրա՝ ուժայինները «ծեծում էին ցուցարարներին և կրակում հենց ամբոխի ուղղությամբ։ Հիմնվելով նրա վրա, ինչ ինքս եմ տեսել, զգալի թվով մարդ է տուժել»։
Հերաթի ոստիկանական վարչության պաշտոնական ներկայացուցիչ Սայեդ Մասուդ Հոսեյնին հայտարարել է, որ միտինգավորները «կատարում էին հասարակական կարգը խախտող գործողություններ»։ Նա հավելել է, որ ակտիվիստները փորձում էին «լարվածություն ստեղծել հիջաբ կրելու կանոնների դեմ բողոքի պատրվակով, այնինչ իսլամական հագուստի կանոնների պահպանումը յուրաքանչյուրի սրբազան պարտականությունն է»։
Ըստ BBC-ի աֆղանական ծառայության՝ տեսագրություններից մեկում լսվում է, թե ինչպես են ցուցարարները վանկարկում՝ «Կրթություն, աշխատանք, ազատություն» կարգախոսը:
Աֆղան կանանց առաջին փորձերը՝ բացահայտորեն սաբոտաժի ենթարկելու նոր խիստ սահմանափակումները (որոնք վերաբերում են հագուստին, աշխատանքին և կրթության իրավունքին), դաժանորեն ճնշվել են։ Ակտիվիստուհիները BBC-ին պատմել են, որ իրենց վախեցրել են բռնաճնշումներով. պիկետներին մասնակցելու համար կանանց ծեծի են ենթարկել, բռնության ենթարկել, նետել բանտերը և նույնիսկ սպառնացել մահապատժի ենթարկել քարկոծման միջոցով։
Բռնաճնշումների ներկայիս ալիքը Հերաթում սկսվել է հանկարծակի. պաշտոնապես դրա մասին հայտարարվել է միայն անցյալ ուրբաթ։ Շաբաթ օրվանից ականատեսները արձանագրում են զանգվածային շուրջկալներ։ Քաղաքի բնակչուհիները պատմում են, որ տեղական շուկաները գործնականում «դատարկվել են», իսկ Առաքինության տարածման և արատների կանխարգելման նախարարության (կրոնական բարոյականության ոստիկանություն) աշխատակիցները տոտալ կերպով ստուգում են ավտոմեքենաներն ու ռիկշաները՝ իջեցնելով այն կանանց, ում հիջաբն իրենց «սխալ» է թվում:
Source: https://news.am/hy/news/1042408