Ճապոնիայի Ուցունոմիա քաղաքում ստիպված են եղել փակել մոտ հարյուր դպրոց, քանի որ արդեն մի քանի օր է՝ փողոցներում հայտնված արջը վախի մեջ է պահում բնակիչներին։ Հունիսի 9-ին այս մասին հայտնել է The Guardian թերթը։
«Տոկիոյից մոտ 100 կմ հյուսիս գտնվող և կես միլիոն բնակչություն ունեցող Ուցունոմիա քաղաքի իշխանությունները կտրուկ քայլերի են դիմել այն բանից հետո, երբ շաբաթ օրը քաղաքային զբոսայգիներից մեկի մոտ հիմալայան արջ է նկատվել։ Քաղաքում փակվել են բոլոր 94 տարրական և միջնակարգ դպրոցները»,- նշված է հոդվածում։
Հրապարակման հեղինակները հստակեցրել են, որ արդեն մի քանի օր շարունակ տեսախցիկները կենդանուն ֆիքսում են քաղաքի տարբեր թաղամասերում։ Նշվում է նաև, որ այս տարի Ճապոնիայում արջերի հայտնվելու ռեկորդային քանակ է գրանցվել՝ շուրջ 50 հազար դեպք։ Դեպքերի մեծ մասը տեղի է ունեցել երկրի հյուսիս-արևելքում։
Ավելի ուշ ճապոնական Asahi թերթը հայտնել է, որ արջին արդեն բռնել են։ Նա թաքնված է եղել տներից մեկի բակում, ինչից հետո անասնաբույժները քնաբեր հրացանով կրակել են նրա վրա։ Կենդանուն տեղափոխել են քաղաքից դուրս։
Source: https://news.am/hy/news/1042296