Իրաքն ու Արաբական Միացյալ Էմիրություններն արագացված տեմպերով իրականացնում են նավթամուղների ցանցի ընդլայնման ծրագրերը։ Երկրները փորձում են փոխարինել արտահանման Հորմուզի նեղուցի փակման պատճառով կորցրած կարողությունները, նոր տվյալների հրապարակման ֆոնին, որոնք ի ցույց են դրել նրանց վճռորոշ կախվածությունը Պարսից ծոցի լոգիստիկայից, հաղորդում է CNBC-ն։
Անցյալ շաբաթ Իրաքի կառավարությունը հավանություն տվեց Իրաքյան Քրդստան- Թուրքիա խողովակաշարային ցանցով հում նավթի մատակարարումների արագացման ծրագրին։ Դա հնարավորություն կտա ավելի քան երեք անգամ ավելացնել տվյալ երթուղով բեռնաթափման ներկայիս ծավալը՝ օրական 220 հազարից հասցնելով մինչև 770 հազար բարելի։
Այդ ուղին առաջարկում է այլընտրանքային տարանցիկ երթուղի Քրդստանի տարածքով դեպի թուրքական միջերկրածովյան Ջեյհան նավահանգիստ։ Ակնկալվում է, որ լիակատար հզորությամբ աշխատելու դեպքում նավթամուղը զգալի թեթևացում կբերի Իրաքի ածխաջրածիններից կախված տնտեսությանը։ Ըստ Համաշխարհային բանկի տվյալների՝ 2025 թվականին Իրաքի իրական ՀՆԱ-ում նավթային հատվածի բաժինը կազմել է 53%։
Բացառիկ տվյալները, որոնք CNBC հեռուստաալիքին տրամադրել է տնտեսական հետախուզության մեջ մասնագիտացած QuantCube Technology վերլուծական ընկերությունը, վկայում են նրա մասին, որ Հորմուզի նեղուցին աշխարհագրական կապվածության պատճառով Իրաքի համախառն արտահանումը պատերազմի հենց սկզբից գրեթե սպառվել է։
«Իրաքը հայտնվել է շատ ավելի բարդ դրության մեջ, քանի որ մեզ հայտնի է, որ նրա նավթի մեծ մասը, եթե ոչ ամբողջը, տեղափոխվում էր հենց Հորմուզի նեղուցով»,- CNBC-ին տված հարցազրույցում հայտարարել է QuantCube-ի ավագ տնտեսագետ Ալան Լեմանյենը։
Մայիսի 16-ին անցկացված մամուլի ասուլիսում պաշտոնական Բաղդադը հայտարարեց, որ ապրիլին Հորմուզի նեղուցով արտահանվել է ընդամենը 10 միլիոն բարել նավթ, մինչդեռ մինչև պատերազմը այդ ցուցանիշը կազմում էր 93 միլիոն բարել։
Միևնույն ժամանակ, Աբու Դաբին արագացնում է «Արևմուտք-Արևելք» նոր ռազմավարական նավթամուղի շինարարությունը դեպի Էլ-Ֆուջայրայի նավահանգիստ։ ԱՄԷ-ն նույնպես ձգտում է մեծացնել իր արտահանման կարողությունները և շրջանցել լոգիստիկ այս նեղ խցանումը։
Նախագիծը, որի մեկնարկը նախատեսված է 2027 թվականին, հնարավորություն կտա կրկնապատկել Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության (ADNOC) արտահանման ներուժը։ Աբու Դաբիի թագաժառանգ արքայազն շեյխ Խալեդ բեն Մոհամեդ բեն Զաիդ Ալ Նահայանը մայիսի 15-ին կոչ է արել ավարտել խողովակաշարի անցկացումը ժամանակացույցից շուտ՝ էներգակիրների նկատմամբ աճող գլոբալ պահանջարկը բավարարելու համար։
Ի տարբերություն Իրաքի, ԱՄԷ-ն պահպանում է հումքն այլ տերմինալների միջոցով արտահանելու հնարավորությունը, ինչը մեղմում է Հորմուզի նեղուցի փակման հասցրած հարվածը։
«Ակնհայտ է, որ Իրաքը՝ իր աշխարհագրական դիրքի և հոսքերն օպերատիվորեն վերաուղղորդելու անկարողության պատճառով, շատ ավելի խոցելի վիճակում է, քան ԱՄԷ-ն կամ Սաուդյան Արաբիան,- հավելել է Լեմանյենը։- Էմիրությունները դեռևս ունեն տերմինալ Էլ-Ֆուջայրայում։ Նույնիսկ հաշվի առնելով այն, որ այն վնասվել է ռազմական գործողությունների ընթացքում, տեսականորեն երկիրն օժտված է ենթակառուցվածքներով և լցանավային նավատորմով՝ նավթի մեծ ծավալներ արտահանելու համար»։
Սակայն նույնիսկ գոյություն ունեցող այլընտրանքային ուղիները բարձր ռիսկային գոտում են։ Այսպես, սաուդյան «Արևմուտք-Արևելք» նավթամուղն ապրիլին ենթարկվել է Իրանի հարձակմանը, իսկ Էլ-Ֆուջայրայի տերմինալը գրոհվել է իրանական անօդաչուների կողմից, ինչը հանգեցրել է հում նավթի լցման գործողությունների խափանումներին։
Էներգետիկայի միջազգային գործակալության (ԷՄԳ/МЭА) գնահատականներով՝ սաուդյան «Արևմուտք-Արևելք» նավթամուղը, որը միացնում է Պարսից ծոցի մոտակայքում գտնվող վերամշակման հզորությունները Կարմիր ծովի արտահանման կենտրոնի հետ, ինչպես նաև էմիրաթական խողովակաշարը դեպի Էլ-Ֆուջայրայի նավահանգիստ, ունեն 3,5-ից մինչև 5,5 միլիոն բարել/օրական ընդհանուր հասանելի հզորություն։ Ընդ որում, Էր-Ռիադը մարտին հայտարարում էր, որ իր մայրուղին արդեն իսկ մղում է օրական 7 միլիոն բարել։
Այդուհանդերձ, այս ծավալները դեռևս հեռու են նախապատերազմյան ցուցանիշներից. մինչև հակամարտության սկսվելը Հորմուզի նեղուցով օրական տեղափոխվում էր մոտ 20 միլիոն բարել նավթ և նավթամթերք։
Այլընտրանքային արտահանման միջանցքների զարգացումը պահանջում է ոչ միայն հսկայական կապիտալ ներդրումներ ենթակառուցվածքներում, այլև ժամանակ։ Հաճախ դա բախվում է բարդ անդրազգային համաձայնագրեր կնքելու անհրաժեշտությանը, եթե խողովակաշարերը հատում են մի քանի պետությունների տարածքներ։
Ըստ Lloyd’s List ոլորտային պարբերականի տվյալների՝ նավերի տարանցումը նեղուցով դեռևս նախապատերազմյան մակարդակից զգալիորեն ցածր է, իսկ մայիսին թրաֆիկն անկում է ապրել մինչև իրանական պատերազմի սկզբից ի վեր ամենացածր կետը։ Ծոցում արգելափակված լցանավերը ռիսկի են դիմում ենթարկվել իրանական զինված ուժերի հարձակմանը, եթե նրանք չունեն Թեհրանի թույլտվությունը՝ նշանակված անվտանգ միջանցքով անցնելու համար։ Մյուս կողմից, նավագնացային ընկերությունները ռիսկի են դիմում հայտնվել ԱՄՆ-ի խիստ պատժամիջոցների տակ, եթե գնան Իրանի հետ համագործակցության։
Source: https://news.am/hy/news/1042348