Ռուսական հրատարակչությունները կտրուկ կրճատել են գրքերի և բրոշյուրների տպագրությունը։ 2026 թվականի առաջին եռամսյակում նոր գրքային արտադրանքի ընդհանուր տպաքանակը կազմել է 57,3 միլիոն օրինակ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 26%-ով։ Լույս տեսած անվանումների քանակը նվազել է 11%-ով, իսկ միջին տպաքանակը՝ 17%-ով։ Այս տվյալները բխում են Ռուսաստանի գրքի պալատի և Գրքատարածողների ասոցիացիայի հաշվետվությունից, որը ներկայացվել է «Գրքի ոլորտը Ռուսաստանում» համաժողովի ժամանակ։
«The Bell»-ը նշում է, որ այս տարվա սկզբին գրքերի տպաքանակի անկումը եղել է ամենաուժգինը վերջին առնվազն վեց տարվա ընթացքում։ Նախկինում նմանօրինակ կտրուկ անկումները գրանցվել են երկու անգամ. 2020 թվականին՝ համավարակի պատճառով, գրքերի ընդհանուր թողարկումը տարեկան կտրվածքով կրճատվել էր 19%-ով, իսկ 2023-ի առաջին եռամսյակում՝ Ուկրաինայի պատերազմի ֆոնին, տպաքանակները նվազել էին 23%-ով։ Երկրորդ դեպքում դա պայմանավորված է եղել օտարերկրյա իրավատերերի հեռացմամբ, թղթի և տպագրական նյութերի թանկացմամբ, գրում էր «Կոմերսանտը»։ Երկու ցնցումներին էլ հաջորդել էր վերականգնում. 2024 թվականին տպաքանակներն աճել են 10%-ով։
Միևնույն ժամանակ, 2026 թվականի առաջին եռամսյակում գրախանութների վաճառքի ծավալները նվազել են 18,8%-ով, իսկ օֆլայն մանրածախ առևտրի տարեկան շրջանառությունը 2025 թվականին կազմել է 36,9 միլիարդ ռուբլի, ինչը վերջին յոթ տարվա նվազագույն ցուցանիշն է։ Այդուհանդերձ, անցյալ տարի գրքերի վաճառքի ընդհանուր քանակը մնացել է կայուն՝ 231 միլիոն գիրք, ինչը գրեթե հավասար է 2021 թվականի ցուցանիշին։ Սրան զուգահեռ՝ օնլայն հարթակները շուկայում իրենց բաժնեմասը հասցրել են մինչև 57%-ի, մինչդեռ մասնագիտացված գրախանութների բաժնեմասը կրճատվել է՝ հասնելով 34%-ի։
Գրքի շուկայում տիրող ճգնաժամի պատճառների թվում համաժողովի մասնակիցները նշել են հարկերի աճը, գնաճը, ռուսաստանցիների գնողունակության անկումը և ժողովրդագրական խնդիրը։ «Ավելի քիչ թվով երեխաներ են ծնվում, և եթե նրանք նաև քիչ կարդան, ապա դա շատ արագ հարվածի տակ կդնի ողջ գրքային ոլորտը»,- հայտարարել է «Էքսմո» հրատարակչության տնօրեն Եվգենի Կապյովը։
Միևնույն ժամանակ, Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո իշխանությունները խստացրել են Ռուսաստանի գրքի շուկայի նկատմամբ վերահսկողությունը։ Իրավիճակն էլ ավելի է սրվել ՌԴ Գերագույն դատարանի որոշումից հետո, որը 2023 թվականի նոյեմբերին «ծայրահեղական» է ճանաչել գոյություն չունեցող «ԼԳԲՏ միջազգային շարժումը»։ Բացի այդ, իշխանություններն արգելել են «թմրանյութերի քարոզչությունը», ինչը հանգեցրել է վաճառքից տասնյակ հազարավոր ստեղծագործությունների հեռացմանը։
Արդյունքում՝ գրականության մի մասը փաստացի հայտնվել է արգելքի տակ, իսկ գրախանութներն ու հրատարակչությունները սկսել են ենթարկվել վարչական և քրեական հետապնդումների։ Ինչպես հայտնում են «Spiegel»-ի աղբյուրները ոլորտում, սա հրատարակիչներին ստիպել է ներդնել տպագրությունից առաջ գրքերում պետության կողմից արգելված բովանդակության ստուգման պրակտիկա։ Նրանց խոսքով՝ դրա հետևանքով գրքերից դուրս են գրվում ցանկացած վիճահարույց դրվագներ, այդ թվում՝ բռնության տեսարանները, թմրանյութերի ու ինքնասպանության հիշատակումները և ռուսական բանակի մասին արտահայտությունները, իսկ սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության թեմաներն ամբողջությամբ բացառվում են։
Source: https://news.am/hy/news/1042269