Քենիայի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել երկրի կենտրոնական հատվածում գտնվող Նանյուկի քաղաքում բողոքի ակցիա իրականացնողներին ցրելու համար, քանի որ նրանք հանդես են եկել Էբոլայով հիվանդների համար նախատեսված ամերիկյան կարանտինային կենտրոնի դեմ։ Հունիսի 9-ին այս մասին հայտնել է «Reuters» գործակալությունը։
Այս օբյեկտն ԱՄՆ կառավարությունը կառուցել է շտապողականությամբ՝ չնայած Քենիայի դատարանի որոշմանը, որով արգելվում էր հետագա աշխատանքների իրականացումը։ Ամերիկյան ռազմաօդային ուժերի (ՌՕՈւ) բազայի տարածքում 50 մահճակալով հիվանդանոցի նախատեսվող կառուցումն ի սկզբանե բազմաթիվ քենիացիների դժգոհությունն էր առաջացրել։ Նրանք Վաշինգտոնին մեղադրում են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) արևելյան հատվածում և Ուգանդայում Էբոլա տենդի բռնկման հետևանքով վարակված անձանց բժշկական սպասարկման պատասխանատվությունն իրենց վրա թողնելու մեջ։
«Մեզ դուր չի գալիս այստեղ Էբոլայի դեմ պայքարի այս օբյեկտի ստեղծման գաղափարը»,- հայտարարել է ցուցարարներից 24-ամյա Բեթվել Օնյանգոն։
Անկարգությունների ընթացքում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել։ Նման միջոցների են ենթարկվել այն տեղացի բնակիչները, որոնք կրկին որոշել էին փողոց դուրս գալ՝ ընդդիմանալով ամերիկյան կողմի որոշմանը։
Source: https://news.am/hy/news/1042256