Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, նպատակ ուներ անվերապահ հաղթանակ տանել կիրակի անցկացված և ուշադրությամբ դիտարկվող խորհրդարանական ընտրություններում, սակայն դրանց արդյունքներն այժմ չեն ենթարկվում պարզ աշխարհաքաղաքական մեկնաբանությունների։
Ըստ երկուշաբթի Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած արդյունքների՝ Փաշինյանի իշխող «ՔՊ» կուսակցությունը հավաքել է ձայների 49,81%-ը, հաղորդում է Reuters գործակալությունը։ Դա Փաշինյանի համար վստահ առավելություն է ապահովում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության նկատմամբ, սակայն նշանակում է, որ նա կարող է չստանալ այն ջախջախիչ մանդատը, որն անհրաժեշտ է երկրի անվտանգության երկարամյա երաշխավոր և առևտրային գործընկեր Ռուսաստանից վերջնականապես շրջվելու և հարևան ու բազմամյա հակառակորդ Ադրբեջանի հետ խաղաղության շուրջ բանակցություններ վարելու համար, գրում է CNN-ը։
Փաշինյանը հայտարարել է իր հաղթանակի մասին առաջին արդյունքների ստացումից հետո, թեև խորհրդարանում տեղերի վերջնական բաշխումը դեռևս անորոշ է։ Փոքր կուսակցություններին անհրաժեշտ է հաղթահարել 4 տոկոսանոց արգելքը խորհրդարան անցնելու համար, և այս փուլում հավանական չէ, որ Փաշինյանը կստանա երկու երրորդի սահմանադրական մեծամասնություն, որն անհրաժեշտ է իր օրակարգի ամենահավակնոտ կետերն իրականացնելու համար։
Հայաստանում անցկացված ընտրությունները լայնորեն դիտարկվում էին որպես հանրաքվե երկրի արտաքին քաղաքականության վեկտորի վերաբերյալ։ Փաշինյանը գնում էր ընտրությունների՝ Ադրբեջանի հետ խաղաղություն ապահովելու, Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու և Եվրոպական միության հետ կապերն ամրապնդելու խոստումով. մի հարթակ, որն արժանացել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հավանությանը։
Քվեարկության նախօրեին Truth Social սոցիալական ցանցում իր հրապարակման մեջ Թրամփը հայտարարել էր, որ Փաշինյանն «ունի իմ ԼԻԱԿԱՏԱՐ և ԱՄԲՈՂՋԱԿԱՆ աջակցությունը 2026 թվականի հունիսի 7-ի վերընտրվելու հարցում։ Նիկոլի օգնությամբ մենք Միացյալ Նահանգները, Հայաստանը, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան կբարձրացնենք նախկինում չտեսնված բարձունքների։ Վերադարձնենք Հայաստանին իր երբեմնի մեծությունը (Make Armenia Great Again)»։
Թրամփը ընդգծել էր նաև իր ջանքերը՝ Հայաստանին և Ադրբեջանին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու ուղղությամբ՝ գլոբալ խաղաղարարի համբավ ձեռք բերելու իր ձգտման շրջանակում։ Որպես անձնական բրենդինգի տարր, երկրների միջև հնարավոր համաձայնագրի կետերից մեկը ներառում է ԱՄՆ-ին բացառիկ իրավունքների տրամադրումը Հայաստանի տարածքով անցնող տրանսպորտային միջանցքի նկատմամբ, որը հայտնի է որպես «Թրամփի երթուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP)։
Սակայն Հայաստանի շրջադարձը դեպի Արևմուտք առաջացրել է Կրեմլի դժգոհությունը։ Ընտրությունների նախաշեմին Ռուսաստանն ուժեղացրել է ճնշումն իր դաշնակցի վրա՝ արգելքներ սահմանելով հայկական արտադրանքի, այդ թվում՝ թարմ մրգերի, ծաղիկների և ալկոհոլի ներմուծման վրա։ Մոսկվայից հնչող ազդանշանը չափազանց հստակ էր. Բրյուսելի և Վաշինգտոնի հետ կապերի ամրապնդման համար ստիպված կլինեն վճարել։
Ընտրությունների նախօրեին իր հայտարարություններում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր «հայ ժողովրդի հետ հատուկ հարաբերությունները»՝ միևնույն ժամանակ բացահայտորեն զգուշացնելով Հայաստանին Եվրոպայի հետ մերձեցման քաղաքականությունից։
«Մենք հիմա ծանր ենք տանում այն ամենը, ինչ տեղի է ունենում Ուկրաինայի նկատմամբ,-ասել էր նա։- Իսկ ինչի՞ց ամեն ինչ սկսվեց։ Դա սկսվեց Ուկրաինայի՝ ԵՄ-ին միանալուց կամ միանալու փորձերից»։
Վերջին տարիներին Հայաստանն աստիճանաբար հեռանում էր Ռուսաստանի ազդեցության ուղեծրից։
Վերջին ամիսներին Փաշինյանն ակտիվորեն առաջ էր շարժվում ԵՄ-ի հետ կապերի խորացման ճանապարհով՝ իրականացնելով բարեփոխումների ծրագիր, որն ուղղված է դաշինքին անդամակցելու չափանիշներին համապատասխանելուն, և անցյալ ամիս անցկացնելով ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովը։ Հայաստանը նաև հյուրընկալել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին. մի քայլ, որն էլ ավելի խոցեց Կրեմլին, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ Փաշինյանն ու Զելենսկին բանակցությունները վարում էին անգլերենով, այլ ոչ թե ռուսերենով։
Հունիսի 4-ին Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին հաղորդագրության մեջ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի տնտեսական սահմանափակումներն անվանեց «ոչ այլ ինչ, քան տնտեսական հարկադրանք» և խոստացավ ԵՄ-ի աջակցության փաթեթ ու առևտրի դյուրացում մի շարք հայկական ապրանքների համար։
Չնայած դրան՝ Փաշինյանը փորձում էր նաև շարունակել հավասարակշռման քաղաքականությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Ապրիլին հայաստանյան վարչապետն այցելեց Մոսկվա և հանդիպեց Պուտինի հետ, իսկ հունիսի 1-ին՝ Փաշինյանի ծննդյան օրը, հեռախոսազրույց ունեցավ ռուսական առաջնորդի հետ։
«Փաշինյանը շատ բան է անում Ռուսաստանին խաղի մեջ պահելու համար,- նշում է Միջազգային ճգնաժամային խմբի (International Crisis Group) Հարավային Կովկասի ավագ վերլուծաբան Ջոշուա Կուչերան։- Նա իսկապես փորձում է լինել բազմավեկտոր»։
Կուչերան, որը CNN-ի հետ զրուցել էր մինչև կիրակնօրյա ընտրությունների արդյունքների հրապարակումը, մատնանշեց, որ Հայաստանի պաշտոնյաները նախկինի պես հայտարարում են Մոսկվայի հետ լավ հարաբերություններ ունենալու ցանկության մասին՝ չնայած Ռուսաստանից ունեցած պաշտպանական կախվածությունից հեռացմանը։ Նրա կարծիքով՝ ընտրություններից հետո Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի կոշտ դիրքորոշումը կարող է մեղմանալ։ «Ես չգիտեմ, թե այս ամենն ինչքանով է բովանդակային, այլ ոչ թե զուտ հռետորական»,- հավելել է նա։
Այդուհանդերձ, փորձագետները համամիտ են այն հարցում, որ Եվրոպայի հետ առավել խոր ինտեգրման Հայաստանի ուղին հեշտ չի լինելու։
«Կրեմլն ազդանշան է հղում Հայաստանի քաղաքացիներին և քաղաքական էլիտային. եվրոպական ուղին՝ ռուսական շահերն անտեսելու հաշվին, ունի իր գինը, որը որոշում է բացառապես Մոսկվան։ Սակայն պնդելը, թե ռուսական ճնշումն ավտոմատ կերպով հայ ընտրողներին մղում է դեպի Եվրոպա, կլիներ միամիտ և վերլուծական առումով մակերեսային։ Հայաստանի կառավարությանը հաջողվել է խորացնել փոխգործակցությունը Եվրոպայի հետ, թեև դրա շոշափելի արդյունքները դեռևս չեն երևում»,- մեկնաբանում է պատմաբան Վահրամ Տեր-Մաթևոսյանը։
«Բացի դրանից, հայկական հասարակական կարծիքը դարձել է նույնքան քննադատական Եվրոպայի նկատմամբ, հատկապես Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներից հետո՝ հայերի համար աստվածաշնչյան մասշտաբի այդ աղետի, որը բախվեց եվրոպական անգործությանը»,- հավելել է Տեր-Մաթևոսյանը։
Առայժմ անորոշ է մնում, թե հենց ինչպես է Փաշինյանը մտադիր առաջ մղել իր օրակարգը, հատկապես երբ խոսքը վերաբերվի սահմանադրական փոփոխություններ իրականացնելուն, որոնք պահանջում է Ադրբեջանը՝ որպես ցանկացած հարատև խաղաղության պայմանագիր կնքելու նախապայման։
Միևնույն ժամանակ, նրա ռուսամետ մրցակիցները հայտարարում են քվեարկության ընթացքում տեղի ունեցած խախտումների մասին։ Կարողանալո՞ւ է արդյոք ընդդիմությունը վիճարկել արդյունքները. դա է այսօրվա Հայաստանի համար գլխավոր հարցը։
Source: https://news.am/hy/news/1042387