Ֆրանսիական CMA CGM նավագնացային խմբի ղեկավարը նախազգուշացրել է, որ միջազգային բիզնեսը չպետք է հույսեր կապի Հորմուզի նեղուցում նախկին լոգիստիկ երթուղիների արագ վերականգնման հետ՝ նույնիսկ Իրանի հետ պատերազմի ավարտից հետո։
CMA CGM ընկերությունը, որը բեռնարկղային փոխադրումների ծավալով զբաղեցնում է երրորդ տեղն աշխարհում, հայտնվել է այն հսկաների թվում, որոնց նավերը հակամարտության հենց սկզբից արգելափակված են մնացել Պարսից ծոցի ներսում։ Հիշեցնենք, որ ռազմական գործողությունները փաստացիորեն կաթվածահար են արել այդ կարևորագույն ջրային զարկերակը, որով մինչև պատերազմը տեղափոխվում էր հում նավթի և հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումների մեկ հինգերորդ մասը։
Ելույթ ունենալով Ֆրանսիայի խորհրդարանում անցկացված լսումների ժամանակ՝ CMA CGM-ի տնօրենների խորհրդի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ռոդոլֆ Սաադեն հայտարարել է.
«Նույնիսկ եթե առաջիկա շաբաթներին հասնենք խաղաղ կարգավորման, չկան ոչ մի երաշխիքներ, որ ավելի ուշ տարածաշրջանում նոր ճգնաժամ չի բռնկվի։ Մենք այլևս չենք կարող պատանդ մնալ Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակին»։
«Անձամբ ես չէի սևեռվի այն մտքի վրա, թե Հորմուզի նեղուցը ուրոր է կբացվի, և ամեն ինչ կվերադառնա իր բնականոն հունին,- ընդգծել է Սաադեն։- Ցավոք, ես կարծում եմ, որ նման կերպ վարվելը չափազանց անխոհեմ կլիներ»։
Source: https://news.am/hy/news/1042406