Ըստ Asia New Zealand Foundation հիմնադրամի անցկացրած թարմ հետազոտության արդյունքների՝ համաշխարհային առևտրի խափանումների և գլոբալ անկայունության պատճառով աճող մտահոգությունների ֆոնին նորզելանդացիները վերջին տասնամյակում առաջին անգամ սկսել են Միացյալ Նահանգները դիտարկել որպես ավելի լուրջ սպառնալիք իրենց անվտանգության համար, քան Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը։

«Ասիայի և ասիական ժողովուրդների ընկալումը» ամենամյա սոցիոլոգիական հարցումը, որը հիմնադրամն անցկացնում է արդեն 29-րդ անգամ, կազմակերպվել է ընթացիկ (2026) թվականի հունվար և փետրվար ամիսներին։ Հարցմանը մասնակցել է 2300 մարդ։

Հետազոտության արդյունքներն արձանագրել են տեկտոնական տեղաշարժ հասարակական կարծիքում.

Վերաբերմունքը Չինաստանի նկատմամբ. հարցվածների 43%-ը երկիրն Նոր Զելանդիայի բարեկամ է ընկալում, այնինչ նրա մեջ սպառնալիք տեսնում է ընդամենը 23%-ը։

Վերաբերմունքը ԱՄՆ-ի նկատմամբ. Ամերիկան բարեկամական տերություն է համարում հարցվածների 39%-ը, մինչդեռ 35%-ը հայտարարել է, որ նրա մեջ անմիջական սպառնալիք է տեսնում։

Անցյալ տարվա ընթացքում ԱՄՆ-ն բարեկամական տերություն համարող քաղաքացիների թիվը զգալիորեն կրճատվել է, մինչդեռ Չինաստանի ընկալումը, ընդհակառակը, նկատելիորեն բարելավվել է։ Բացի դրանից, հարցումը ցույց է տվել, որ նորզելանդացիների 81%-ը կենսականորեն կարևոր է համարում ասիական տարածաշրջանի հետ համակողմանի կապերի զարգացումը։

«Հասարակության մեջ աճում է այն գիտակցումը, որ մեր տնտեսական բարգավաճումը, կայունությունն ու անվտանգությունն ուղղակիորեն կախված են լինելու Ասիայի երկրների հետ մեր փոխհարաբերությունների խորությունից և որակից»,- զեկույցում նշել է Asia New Zealand Foundation-ի գործադիր տնօրեն Սյուզաննա Ջեսեփը։

Վերջին տարիներին պաշտոնական Վելինգտոնն ակտիվորեն խորացնում էր համագործակցությունը Վաշինգտոնի հետ պաշտպանության, անվտանգության և տեխնոլոգիաների ոլորտներում։ Նոր Զելանդիայի իշխանությունները ԱՄՆ-ը դիտարկում էին որպես Հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կայունության գլխավոր հենասյուն և առանցքային հակակշիռ Չինաստանի աճող ազդեցությանը։

Սակայն վերջին շրջանում նորզելանդական արտահանողները մեծապես տուժել են ամերիկյան առևտրային մաքսատուրքերի ներմուծումից։ Ավելին, ազգային տնտեսությունը հայտնվել է հզոր ճնշման տակ՝ նավթի համաշխարհային գների կտրուկ թռիչքի պատճառով, որը հրահրվել է Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմով։

Source: https://news.am/hy/news/1042409