Գեղարքունիքի մարզի որոշ տեղամասերից արձանագրությունները ձեռքիս են. հիմա տեսեք, 21/02 տեղամասում «Լուսավոր Հայաստանը» ստացել է 2 ձայն, ԿԸՀ մուտքագրվել 0 ձայն, 21/14 տեղամասում ստացել է 1 ձայն, ԿԸՀ կայքում՝ 0 ձայն, 21/15 տեղամասում ստացել է 1 ձայն, ԿԸՀ կայքում՝ զրո ձայն, 21/17 տեղամասում ստացել է 6 ձայն, ԿԸՀ կայքում՝ զրո ձայն։ Այս մասին Facebook–ի իր էջում հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

Նա, շարունակում է. «21/24 տեղամասում ստացել ենք 1 ձայն, ԿԸՀ կայքում գրանցվել է 0 ձայն, 21/29 տեղամասում ստացել ենք 3 ձայն, ԿԸՀ–ում՝ զրո ձայն, 21/32 տեղամասում ստացել ենք 4 ձայն, ԿԸՀ-ում՝ զրո ձայն, 21/33 տեղամասում՝ 3 ձայն, ԿԸՀ-ում՝ զրո ձայն։ Սրանք փոքր գյուղեր են։ Ի՞նչ է արել Նիկոլը, ԿԸՀ կայք է մուտքագրել զրո ձայն։ Ինչի եմ ասում՝ Նիկոլը, որովհետև համակարգը իշխանությանն է պատկանում։ Հիմա հարց՝ ինչի է Նիկոլը այսպես կեղծել մեր տվյալները, ես հո չեմ պնդում, որ մենք անցողիկ ուժ ենք, անցել ենք, բայց ինքը կեղծել է։ Սա համապետական նշանակություն ունի, 2000 տեղամասում նույն բանը արել են։

Նախ, արել է, որ քիչ ձայն ցույց տա մեր թվի առաջ, ոնց որ հանրային հեռուստաընկերությամբ երեք տարի եթեր չի տվել, և երկրորդը, որ պետական ֆինանսավորման տակ չընկնենք, իր պրոքսի ուժերը միայն պետական բյուջեից փող ստանան, այս հինգ տարիներին գրասենյակ պահեն, որ մյուս ընտրություններին էլի խաղան։

Հազար անգամ ասել են՝ թևս կկտրեմ, չգիտեմ ինչ կանեմ, ոտս կջարդեմ, բայց ընտրություն չեմ կեղծի։ Բայց փաստ է, որ զրո ձայն է մուտքագրել, ինչը քրեորեն հետապնդելի արարք է։ Արձանագրություն է կեղծվել։

Հարցը հետևյալն է, մեզ շատ-շատ ավելի մարդ է ձայն տվել, քան այն, ինչ մեր անվան դիմաց գրված է, հիմա սրանք բացահայտվում են, այդ թվերը կարող է ավելանան, կարող է չավելանան։ Էականն այն է, որ այս համակարգը դարձել է նաև ընտրակեղծարար։ Մենք ասում ենք, որ երբ մարդը երրորդ ժամկետով ընտրությանը մասնակցում է, ադրբեջանացնում է երկիրը, դառնում է ավտորիտար համակարգ։ Այսինքն կեղծել եք դուք։ Ասում էր՝ Քոչարյանը կեղծում էր ընտրությունները, Սերժը կեղծում էր, հիմա դու նույն սիստեմի վրա նստել ես, նույն ձևի կեղծում ես, սրա համար պետք է գլխով պատասխան տաք բոլորդ՝ մարզային հանձնաժողովներից մինչև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, ու անձամբ դու, Նիկոլ։ Էս եք դուք, սովորական, տարրական պուճուր ընտրակեղծարարներ»։

Source: https://news.am/hy/news/1042257