ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հարաբերությունները ճաք են տվել, CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է իսրայելցի նախկին բարձրաստիճան դիվանագետը։

Այն հարցին, թե արդյոք Թրամփն ու Նեթանյահուն գտնվում են «նույն ալիքի վրա», Նյու Յորքում Իսրայելի նախկին գլխավոր հյուպատոս Ալոն Պինկասը պատասխանել է. «Այս պահին նրանք նույնիսկ նույն գրքի մեջ չեն»։

Նրա խոսքով՝ դա «ակնառու է դարձել այն բանից, թե ինչպես է Թրամփն արտահայտվում Նեթանյահուի մասին վերջին երկու շաբաթվա ընթացքում»։

Պինկասը նաև լուրջ մտահոգություն է հայտնել Լիբանանի դեմ ռազմական գործողությունից դուրս գալու ռազմավարության բացակայության կապակցությամբ։ Միևնույն ժամանակ, նա մատնանշել է, որ տվյալ հակամարտությունն արդեն իսկ դարձել է Նեթանյահուի նախընտրական արշավի մաս։

«Ռազմավարության տեսանկյունից այստեղ չկա վերջնական նպատակ (էնդշպիլ), բայց կա քաղաքական խաղ։ Նեթանյահուն գնում է ընտրությունների։ Նրան անհրաժեշտ է պահպանել պերմանենտ (մշտական) պատերազմի վիճակը։ Նրա պատկերացմամբ՝ դա միակ գործոնն է, որը նրան [իշխանությունը պահելու] հնարավորություն է տալիս»,— ամփոփել է Պինկասը։

Source: https://news.am/hy/news/1042332