Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 6-ին ընդունել է քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների։
Հանդիպմանը մասնակցել են «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ Արաքս Մելքոնյանը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի Մարդու իրավունքների ծրագրի տնօրեն Իզաբելլա Սարգսյանը, ինչպես նաև Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանը։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցերի, այդ թվում` վերաբերելի ընտրական գործընթացներին։
Անահիտ Մանասյանը նշել է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում պարբերաբար անդրադարձել է ընտրական գործընթացների համատեքստում քրեական պատասխանատվության գործիքների կիրառման հարցին՝ ընդգծելով, որ դրանք պետք է կիրառվեն միասնական տրամաբանությամբ՝ բացառելով ընտրովի մոտեցումները և «հայեցողական արդարադատության» նվազագույն տպավորությունը։ Կարևորվել է նաև այդ առումով պետական մարմինների հանրային հաղորդակցության գործիքների կատարելագործման անհրաժեշտությունը:
Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է նաև ազատությունից զրկման ձևով խափանման միջոցների կիրառման մեծաքանակության խնդրին ու այն հանգամանքին, որ համակարգային առումով հարցը շարունակում է խնդրահարույց մնալ։
Անահիտ Մանասյանն ընդգծել է նաև քաղաքացիական հասարակության առանցքային դերակատարությունը` մարդու իրավունքների արժեքների ամրապնդման և իրավական պետության կայացման տեսանկյունից:
Հատուկ ուշադրության կենտրոնում է եղել խոսքի արգելված տեսակների կիրառման դեմ պատշաճ գործիքներով պայքարելու կարևորությունը:
Հանդիպման ավարտին Մարդու իրավունքների պաշտպանը և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կարևորել են շարունակական համագործակցությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների արդյունավետության բարձրացման նպատակով։
Source: https://news.am/hy/news/1042188