ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իրանի հետ բանակցություններն ակտիվորեն շարունակվում են և որ «մենք փորձում ենք դրանք հասցնել իրենց տրամաբանական ավարտին»։

ABC News-ին տված հարցազրույցում Թրամփը հրաժարվել է այդ գործընթացն անվանել «բարդ»՝ հայտարարելով․ «Իրականում ամեն ինչ բավականին պարզ է։ Հաղթում է նա, ով ուժ ունի։ Եվ ամբողջ ուժն այժմ մեր ձեռքում է»։

Թրամփը նշել է, որ իր «լավագույն ընկերներից» ոմանք ցանկանում են, որ ինքը կրկին սկսի ռմբակոծությունները, սակայն «նրանք ոչինչ չեն հասկանում»։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ի կողմից լայնամասշտաբ ռազմական հարվածների վերսկսումը չափազանց թանկ կնստի և կհանգեցնի նրան, որ Հորմուզի նեղուցը կփակվի ևս երկար ամիսներով։

Այսօր առավոտյան իր սոցիալական ցանցում Թրամփը գրել է, որ գործարքի շուրջ խաղաղ բանակցություններն առաջ են շարժվում, «եթե միայն դրան չխանգարեն տգիտությունն ու հիմարությունը»։ Այն հարցին, թե հենց ինչ նկատի ուներ, Թրամփը պատասխանել է ABC News-ին․ «Եթե մարդիկ հիմար գտնվեն, մենք ի վերջո կհայտնվենք մի իրավիճակում, երբ ստիպված կլինենք երկրի երեսից ջնջել այդ ազգի ամբողջ ենթակառուցվածքները։ Եվ ես չեմ կարծում, որ դա լավ է, որովհետև ինչ-որ մեկը հետո ստիպված է լինելու այդ ամենը նորից կառուցել»։

Նա ենթադրել է, որ եթե ԱՄՆ-ն կործանի Իրանի ենթակառուցվածքները, հենց իրենք էլ, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինեն օգնել վճարել դրանց վերականգնման համար։

«Ինչ-որ մեկը ստիպված է լինելու կառուցել այդ ամբողջ ենթակառուցվածքը՝ նոր կամուրջներ, էս, էն, նոր էլեկտրակայաններ։ Գիտեք, խոսքը տրիլիոն դոլարի մասին է, իսկ գուցե և ավելի։ Եվ դուք չէ՞ որ հասկանում եք՝ հենց դրա համար էլ մենք, հավանաբար, կներգրավվենք վերականգնման մեջ, այնպես չէ՞, օգնելով նրանց ամեն ինչ նորից կառուցել»,- ասել է նա։

Լրագրողի հարցին՝ արդյոք դա նման կլինի Իրանի համար յուրօրինակ «Մարշալի պլանի», Թրամփը պատասխանել է․ «Այո», բայց անմիջապես հավելել է․ «Բայց մենք կվերցնենք նրանց նավթի կեսը»։

Source: https://news.am/hy/news/1042410