Մանդատները արդյոք վերցնելու ենք, թե չենք վերցնելու, ինչպիսի քաղաքական ընթացք է լինելու, այս հարցերի պատասխանները տալու համար համապատասխան խորհրդակցություններ ենք անցկացնելու ընդդիմադիր քաղաքական գործընկեր ուժերի հետ, որովհետև կարծում ենք այդ որոշումը պետք է լինի միասնական։ Այս մասին, այսօր՝ հունիսի 9–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Այս հարցի պատասխանը ունենալուց հետո մենք մեր դիրքորոշումը վերջնական կհայտնենք։ Մի բան ընդամենը այս պահին կարող եմ մեր հայրենակիցներին շատ հստակ ասել, որ մեր ցանկացած որոշում բխելու է ընդհանուր պայքարի տրամաբանությունից։ Մենք կիսում ենք այն մտահոգությունները, որ հնչեցվում են, բայց ամեն ինչ սառը դատելով, իրավիճակը գնահատելով և պայքարի հաջողության և շարունակության տեսանկյունից ենք այդ որոշումը ընդունելու։ Բայց նորից եմ ասում, այստեղ շատ կարևոր է միասնական ընդդիմադիր որոշումը՝ անկախ նրանից, թե դա ինչ որոշում է լինելու»,–ասաց նա։
Սաղաթելյանը այս համատեքստում կարևորեց նաև ԲՀԿ–ի շեմը հաղթահարելու հարցը. «Այստեղ ակնհայտ ապօրինություն է տեղի ունենում, երրորդ ընդդիմադիր ուժին սահմանափակելու, որ մտնի խորհրդարան։ Եթե ԲՀԿ–ն անցնում է խորհրդարան, ակնհայտ է, որ ՔՊ–ն 3/5 ձայն չի ունենալու ԱԺ–ում»,–ասաց նա։
Source: https://news.am/hy/news/1042252