Իսրայելական բանակը նախազգուշացրել է Լիբանանի հարավում գտնվող Տյուրոս քաղաքի բնակիչներին սպասվող ավիահարվածների մասին, որոնց թիրախում լինելու են շիական «Հեզբոլլահ» կազմակերպության օբյեկտները։
Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Ավիխայ Էդրիի փոխանցմամբ՝ բնակչությանը հորդորել են շտապ լքել այն շրջանները, որոնք կարող են հայտնվել հարվածների տակ։ «X» սոցիալական ցանցում արաբերենով հրապարակված հայտարարության մեջ նա հիշատակել է նաև քաղաքի հին քրիստոնեական թաղամասը, որտեղ, ըստ նրա, կարող են զինյալներ գտնվել։
Էդրին նշել է, որ իսրայելական բանակը ծրագրում է գործողություններ իրականացնել «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների դեմ, և ցանկացած շենք-շինություն, որն օգտագործվում է զինյալների կողմից, կարող է թիրախ դառնալ։ Բնակիչներին խորհուրդ է տրվել տարհանվել դեպի Զահրանի գետի հյուսիսային ափ, իսկ դեպի հարավ ցանկացած տեղաշարժ որակվել է որպես վտանգ պարունակող։
Իսրայելական կողմի տվյալներով՝ հարվածները կարող են ընդգրկել ոչ միայն ավելի քան 130 հազար բնակիչ ունեցող Տյուրոս քաղաքը, այլև դրա արվարձաններն ու պաղեստինցի փախստականների Բուրջ էշ-Շիմալի, Ռաշիդիա և Էլ-Բաս ճամբարները։
Source: https://news.am/hy/news/1042227