Այս պահին տարբեր ընտրատեղամասերում տեղի է ունենում վերահաշվարկ. մի շարք տեղամասերում մենք բողոքարկել ենք, որպեսզի տեղի ունենա վերահաշվարկ և բացի մեզանից տարբեր ընդդիմադիր քաղաքական միավորներ ևս այդ պահանջով դիմել են։ Այս մասին, այսօր՝ հունիսի 9–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Առաջիկա օրերին, մինչև շաբաթվա վերջ հանրապետության մի շարք տեղամասերում տեղի է ունենալու այդ վերահաշվարկը։ Ակնհայտ է, որ կան տեղամասերում արձանագրությունների և ԿԸՀ–ի կայքում տեղադրված տվյալների մեջ անհամապատասխանություն։ Այսինքն մենք տեղամասից ունենք ստորագրված կնքված արձանագրություն, որտեղ արտացոլված են այլ տվյալներ, իսկ ԿԸՀ–ում՝ այլ տվյալներ։ Օրինակ, Չարենցավանի 27/26 տեղամասում «Հայաստան» դաշինքը ստացել է 112 ձայն որ արձանագրության մեջ ֆիքսված է, իսկ ԿԸՀ–ի կայքում մեր դիմաց գրված է 8 ձայն։ Օրինակ, 29/39 տեղամասում արձանագրության մեջ գրված է 117 քվե, ԿԸՀ–ի կայքում՝ 80 քվե։ ԿԸՀ–ն սա մեկնաբանում է իբրև տեխնիկական վրիպում։

Այստեղ շատ կարևոր արձանագրում, որ ԿԸՀ–ի կայքը պարբերաբար խափանվում է, և այս տվյալներ և մենք չենք կարողանում մեր արձանագրությունները համեմատել կայքում տեղադրված արդյունքների հետ։

Մենք ունենք բոլոր 2005 տեղամասերի արձանագրություները և մենք այդ տվյալները ամփոփում ենք։ Մենք վերահաշվարկի արդյունքում որոշակի փոփոխություններ ակնկալում ենք, չենք կարող ամբողջ Հանրապետության տարածքում վերահաշվարկ իրականացնել, բայց մեր գործընկերները ևս այն տեղամասոերի վրա, որտեղ ակնհայտ տեսել են կամ հասկացել ենք, որ նման խախտումներ կարող են տեղի ունեցած լինել, դիմել են վերահաշվարկի»,–ասաց Սաղաթելյանը։

Նա տեղեկացրեց, որ միայն «Հայաստան» դաշինքը մոտ 2 տասնյակ տեղամասերի վերահաշվարկի համար դիմել է։

«Մենք նաև պատրաստվում ենք դիմել սահմանադրական դատարան վիճարկելու ընտրության արդյունքները, սրա համար թիմը աշխատում է։ Ակնհայտ է, որ ընտրությունները տեղի են ունեցել ճնշումների, ոչ ազատ, ոչ արդար պայմաններում, դրա համար կան բազմաթիվ փաստեր, փաթեթը պատրաստվում է և ԿԸՀ–ի կողմից արդյունքները վերջնական հայտարարելուց հետո նաև գնալու ենք այդ ճանապարհով։

Ակնհայտ հասկանալով, թե ովքեր են նստած Սահմանադրական դատարանում, հասկանալով նրանց կաշկանդվածությունը և ըստ էության իշխանության կցորդ լինելու հանգամանքը, բայց այս ամեն ինչով հանդերձ ծանրակշիռ փաստերով մենք մտնելու ենք Սահմանադրական դատարան»։

Source: https://news.am/hy/news/1042247