Շատ տարիներ առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատկերավոր կերպով Բաքվի և Իսրայելի հարաբերությունները նկարագրել էր որպես մի այսբերգ, որի 90%-ը թաքնված է ջրի տակ։ Անցյալ շաբաթ CNN հեռուստաալիքը փորձ կատարեց այդ թաքնված մասն ամբողջությամբ դուրս բերել մակերես, գրում է Responsible Statecraft-ը։
Հատկանշական է, որ ռեպորտաժը հիմնված էր չորս անանուն աղբյուրների տվյալների վրա, որոնք ակնհայտորեն տեղեկություններ ունեին Մեծ Մերձավոր Արևելքում Իսրայելի գերգաղտնի ռազմական և հետախուզական գործունեության մասին։ Թեև CNN-ը չի բացահայտել նրանց ինքնությունը, հրապարակված տեղեկությունների բնույթն ինքնին համառորեն հուշում է, որ այդ աղբյուրները եղել են կամ ամերիկյան, կամ իսրայելական, կամ էլ սերտորեն կապված այս երկրներից մեկի (կամ միանգամից երկուսի) ուժային գերատեսչությունների հետ։
Այդ աղբյուրների պնդմամբ՝ Իրանի դեմ վերջերս տեղի ունեցած պատերազմի ժամանակ Իսրայելը գաղտնի կերպով էլիտար ռազմական և հետախուզական ստորաբաժանումներ է տեղակայել Ադրբեջանի հարավային մասի մի քանի օբյեկտներում՝ ներառյալ հատուկ նշանակության ուժեր, «Մոսադ»-ի աշխատակիցներ և ուղղաթիռային որոնողափրկարարական թիմեր։
Գտնվելով Իրանի հյուսիսային խոշոր մեգապոլիսից՝ Թավրիզից ընդամենը 100 կմ հեռավորության վրա, իսրայելական կոմանդոսները, ըստ ամենայնի, արձակել են անօդաչու թռչող սարքեր, տեղադրել լսողական սարքեր և նույնիսկ մասնակցել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզության ղեկավարի վերացման համար հենադաշտի նախապատրաստմանը։ CNN-ն այս տվյալները դիտարկել է Իրաքում, ԱՄԷ-ում և Սոմալիլենդում պատերազմի ժամանակ Իսրայելի օգտագործած այլ գաղտնի օբյեկտների համատեքստում՝ մատնանշելով Իրանի շուրջ առաջնագծի յուրօրինակ դիրքերի օղակի ձևավորումը։
Լիովին կանխատեսելի էր, որ Բաքուն կատաղությամբ կարձագանքի CNN-ի հրապարակմանը։ Ադրբեջանի ԱԳՆ-ն ռեպորտաժն անվանել է «բացարձակապես անհիմն» և լրագրողական էթիկան խախտող՝ ընդգծելով, որ «Ադրբեջանը երբեք թույլ չի տվել և երբեք թույլ չի տա օգտագործել իր տարածքը նման նպատակների համար»։ Բաքուն CNN-ից պահանջել է պաշտոնական հերքում այն ամենի վերաբերյալ, ինչն անվանել է «անապացույց մեղադրանքներ»։
Անկախ նրանից, թե որքանով ճշգրիտ կլինեն CNN-ի տեղեկությունները, այս մեղադրանքները տեղավորվում են ռազմավարական գործընկերության տրամաբանության մեջ, որն արդեն վաղուց տարածաշրջանի ուշադրության կենտրոնում է։ Իսրայելն Ադրբեջանին ապահովում է բարձր տեխնոլոգիական զենքով (ըստ Ստոկհոլմի SIPRI ինստիտուտի տվյալների՝ Ադրբեջանի սպառազինության ներկրման մինչև 70%-ը բաժին է ընկնում Իսրայելին) և գնում է նրա նավթը (իսրայելական ամբողջ սպառման մոտ 40%-ը)։ Փոխարենը Իսրայելը հենադաշտ է ստանում Իրանի սահմանների մոտ, իսկ Ադրբեջանը՝ Վաշինգտոնում ազդեցիկ իսրայելամետ կառույցների լոբբիստական աջակցությունը։ Ի դեպ, դեռևս 2012 թվականին Քվինսի ինստիտուտի հանգուցյալ փորձագետ Մարկ Փերին Foreign Policy հանդեսի համար իր մանրամասն էսսեում Ադրբեջանն բացահայտորեն անվանել էր «Իսրայելի գաղտնի հրաձգարան» ընդդեմ Իրանի։
Ընդսմին, հարց է առաջանում. ինչո՞ւ են այս գործողությունների մանրամասները մամուլ արտահոսել հենց հիմա: Թեև այս հարցի վերաբերյալ որևէ պաշտոնական հայտարարություն չի արվել, վարկածներից մեկն այն է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը ցանկանում են երաշխավորել, որ Ադրբեջանը հետքայլ չի անի և չի դադարեցնի համագործակցությունը: Հանրայնացնելով գաղտնի բազաների մասին տվյալները՝ Վաշինգտոնն ու Թել Ավիվը փաստացիորեն Բաքվին զրկում են Թեհրանի հետ հարաբերություններում «արժանահավատ հերքման» մարտավարությունն օգտագործելու հնարավորությունից:
Դա տեղավորվում է արդեն ծանոթ սցենարի մեջ: Պատերազմի ակտիվ փուլի ավարտից հետո մամուլում լուրեր հայտնվեցին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ ԱՄԷ կատարած գաղտնի այցի մասին։ Էմիրաթական պաշտոնյաներն այն ժամանակ կտրուկ հերքում էին այդ փաստը, մինչդեռ նրանց իսրայելցի գործընկերները բացահայտորեն պարծենում էին այդ ուղևորությամբ։ Այդ արտահոսքը կարող էր մասամբ թելադրված լինել Իսրայելի ներքաղաքական նկատառումներով. Նեթանյահուին անհրաժեշտ էր ամրապնդել մեծ պետական գործչի իր կարգավիճակը՝ այս տարվա վերջին նախատեսված ընտրություններում իր գլխավոր մրցակից Նաֆթալի Բենեթի կողմից սպասվող կոշտ ընտրական մարտահրավերից առաջ: Սակայն դրա իրական աշխարհաքաղաքական հետևանքը եղավ Աբու Դաբիին Իսրայելի տարածաշրջանային հակաիրանական հարթակին էլ ավելի ամուր կապելը։ Նույն տրամաբանությունն, ըստ ամենայնի, կիրառվում է նաև այստեղ՝ կապել Ադրբեջանի ձեռքերն ու ոտքերը։ Եթե Իրանը հարված հասցնի ԱՄԷ-ին, Ադրբեջանին կամ երկուսին միաժամանակ, նրանք ստիպված կլինեն օգնության համար դիմել Իսրայելին, ինչը միայն կուժեղացնի նրանց պաշտպանական կախվածությունը Թել Ավիվից։
Մինչ այժմ Թեհրանը զսպվածություն է ցուցաբերել։ Մարտին իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակումը Նախիջևանի վրա, որն Ալիևն այն ժամանակ անվանեց «ահաբեկչական ակտ», իրանական աղբյուրները մեկնաբանում են որպես նախազգուշական կրակոց, այլ ոչ թե լայնամասշտաբ ռազմական գործողությունների սկիզբ։ Իրանը պատերազմի ամբողջ ընթացքում խուսափել է հյուսիսային ճակատ բացելուց՝ հիմնական ջանքերը կենտրոնացնելով Պարսից ծոցի և Իսրայելի հետ ուղղակի հրթիռային հարվածների փոխանակման վրա։ Եթե դա էր Թեհրանի ազդանշանը, ապա այն աշխատեց. չնայած խիստ պատասխանի խոստումներին, Ալիևը մինչ օրս որևէ պատժիչ միջոց չի ձեռնարկել և, ավելին, դրանից կարճ ժամանակ անց մարդասիրական օգնության շարասյուներ է ուղարկել Իրան։
Ո՛չ Բաքուն, և ո՛չ էլ Թեհրանը այդ փուլում չէին ցանկանում բացահայտ առճակատում։ Սակայն վերջին բացահայտումները կարող են Իրանի համար գերազանց առիթ դառնալ՝ ապագայում Բաքվի դեմ կոշտ գործողություններ ձեռնարկելու համար՝ այն դեպքում, եթե պատերազմը վերսկսվի։
Դրանում էլ հենց թաքնված է գլխավոր վտանգը։ Եթե ռազմական գործողությունները նորից բռնկվեն, Իրանը կարող է Ադրբեջանը հայտարարել օրինական ռազմական թիրախ։ Այդ ժամանակ Բաքուն կկանգնի դժվարին ընտրության առաջ՝ կա՛մ ամբողջությամբ համերաշխվել Իսրայելի հետ և ստանալ կործանարար պատասխան հարված, կա՛մ խզել հարաբերությունները անվտանգության ոլորտում իր առանցքային գործընկերոջ հետ՝ բացի Թուրքիայից։
Այդուհանդերձ, այստեղ մեկ վճռորոշ նշանակության նրբերանգ կա։ Բաքվի ուղղակի օպերատիվ մասնակցությունը Իրանի դեմ կոնկրետ թշնամական գործողություններին, օրինակ՝ իսրայելական ավիացիայի թռիչքների համար օդանավակայանների տրամադրումը՝ արմատապես տարբերվում է զուտ լոգիստիկ դերակատարումից (այնպիսին, ինչպիսին է իսրայելական հատուկ ջոկատայինների տեղակայումը, որոնք օգնել են իրանական հողում վերացնել ԻՀՊԿ գեներալին)։ Առաջին իրավիճակը Թեհրանի համար միանշանակ կդառնա պատերազմի ուղղակի առիթ (casus belli):
Թեհրանի դեռևս մեղմ արձագանքը հուշում է, որ այնտեղ մտադիր են սկզբում մանրակրկիտ կերպով ուսումնասիրել CNN-ի հայտարարությունները և հանգել սեփական եզրակացությունների։ Իրանի նախկին քայլերը ցուցադրում են ծայրահեղ զգուշավորություն։ Թեհրանում հաշվարկում են՝ արդյո՞ք օգտակար է այս արտահոսքը, տալի՞ս է այն ճնշման նոր լծակներ, թե՞ ստիպում է Իրանին սկսել գործել ժամանակից շուտ, երբ երկիրը դրան դեռ պատրաստ չէ։
Չպետք է անտեսել նաև թուրքական գործոնը։ Չնայած պարբերական տարաձայնություններին՝ Անկարան մնում է Բաքվի անդրդվելի դաշնակիցը։ Իրանը Թուրքիայի մեջ տեսնում է ռազմական առումով իրեն հավասար մրցակցի և չի հրահրի այնպիսի քայլեր, որոնք իրեն կտանեն դեպի Անկարայի հետ ուղղակի բախման։ Բացի դրանից, ինչպես նշում է Amwaj Media-ի փորձագետ Մոհամմադ Ալի Շաբանին, Անկարան ծառայություն է մատուցել Թեհրանին՝ փետրվարի 29-ին սկսված ամերիկա-իսրայելական պատերազմի առաջին օրերին քրդական խմբավորումներին զսպելով Իրանի դեմ ռազմական գործողությունների ակտիվացումից, և Թեհրանում այս ժեստը հիշում են։
Source: https://news.am/hy/news/1042379