Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ։ Եվ դրանք սոսկ ընտրություններ չէին. ըստ էության, այդպես լուծվում էր աշխարհի քաղաքական քարտեզի վրա Հայաստանի հետագա գոյության հարցը։ Քաղաքացիներն ընտրում էին ոչ միայն խորհրդարանի նոր կազմ, այլև երկրի զարգացման վեկտորը, ազգային ինքնությունը և Հայ Առաքելական Եկեղեցու՝ ժողովրդի դարավոր հենարանի ճակատագիրը։ Ստացվեց այն, ինչ ստացվեց, ասվում է ТАСС-ի խմբագրական հոդվածում։
«Չնայած այն բանին, որ Հայաստանում տեղին ու անտեղի իշխող «ՔՊ» կուսակցությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հայտարարում է, թե երկիրը «ժողովրդավարության բաստիոն» է՝ խոսքի ազատության և կարծիքների բազմակարծության հանդեպ հարգանքով, իրականությունը հեռու է այդ հայտարարություններից։ Դա հատկապես սուր է զգացվում երկու օր առաջ տեղի ունեցած ընտրական գործընթացների ֆոնին, որոնք, բազմաթիվ փորձագետների գնահատմամբ, դարձան ամենակեղտոտը հանրապետության պատմության մեջ։
Հայ ժողովուրդը կեղծիքների և վարչական ճնշումների նման մասշտաբ չէր տեսել անկախության բոլոր 30 տարիների ընթացքում։ Իշխանություններն ընդդիմախոսների հալածանքները սկսել էին քվեարկությունից դեռ շատ առաջ. ահաբեկման թափանիվը պտտվում էր դեռևս 2025 թվականի ամառվանից, երբ սկսվեցին անցանկալի հասարակական գործիչների ձերբակալությունները։ Ընդ որում, Փաշինյանի թիմը չխորշեց ձեռք բարձրացնել ամենասրբի վրա՝ նախաձեռնելով հոգևորականության ներկայացուցիչների վարկաբեկումն ու ձերբակալությունները։ Հասկանալով, որ Հայ Առաքելական Եկեղեցին մնացել է ազգային ինքնության միակ անսասան սյունը, երկրի ղեկավարությունն առաջին հերթին հարված հասցրեց հենց նրան։ Սակայն այս քայլը հանդիպեց բնակչության կոշտ դիմադրությանը, որոնց մեծ մասը Հայ Առաքելական Եկեղեցու հավատացյալ ծխականներն են։
Այդուհանդերձ, բռնաճնշումների ապարատը շարունակում էր թափ հավաքել. սկսվեցին ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց զանգվածային ձերբակալությունները։ Առաջին հարվածների տակ ընկնողներից մեկը ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանն էր, որը բացահայտորեն աջակցել էր Հայ Եկեղեցուն։ Այնուհետև ձերբակալվեցին «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, նրա ավելի քան մեկ տասնյակ կողմնակիցները, ինչպես նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ Ամեն ինչ ընթանում էր մեկ միասնական սցենարով՝ «իշխանությունը տապալելու փորձի» կաղապարված մեղադրանքով։
Որքան մոտենում էր քվեարկության օրը, այնքան ուժգնանում էր ճնշումը։ Ամբողջ նախընտրական արշավը, որը պաշտոնապես մեկնարկել էր մայիսի 8-ին, ուղեկցվում էր Քննչական և Հակակորուպցիոն կոմիտեների ամենօրյա հաղորդագրություններով՝ ընդդիմության կողմից ընտրողներին իբր կաշառելու վերաբերյալ։ Ոտնահարելով անմեղության կանխավարկածը՝ ուժայինները նախապես մարդկանց մեղավոր էին հայտարարում առանց դատի ու քննության։ Միաժամանակ, իրական ապացույցները փոխարինվում էին խոսակցությունների խիստ կասկածելի, մոնտաժված կամ արհեստական բանականության միջոցով գեներացված ձայնագրություններով։
Ինքը՝ Փաշինյանը, դեռ նախընտրական արշավի սկսվելուց առաջ անցել էր ընդդիմախոսների հասցեին ուղղված ուղղակի սպառնալիքների։ Գործի դրվեցին անթույլատրելի բառապաշար, իրավապահ մարմիններին այս կամ այն քաղաքական գործչին ձերբակալելու հրապարակային հրահանգներ, ինչպես նաև լրտեսության ու օտարերկրյա հետախուզությունների օգտին աշխատելու մերկապարանոց մեղադրանքներ. ի դեպ, նույն մեթոդներն օգտագործվում էին նաև հոգևորականությանը վարկաբեկելու համար։ Բանը հասավ նրան, որ վարչապետը գլխավոր քաղաքական մրցակիցներին անվանում էր «պատերազմի եռագլուխ կուսակցություն»՝ խոստանալով նրանց «ծեփել ասֆալտին», «ծնկի բերել» և «նստեցնել բանտերը»։
Իսկ ի՞նչ էր անում հավաքական Արևմուտքը՝ ժողովրդավարությանը իր հռչակած հավատարմությամբ։ Արտասահմանյան տիկնիկավարները, հատկապես եվրոպական քաղաքական բոմոնդը, կարծես թե համառորեն չէին նկատում կատարվածը։ Նրանք անտեսում էին ոչ միայն Փաշինյանի ագրեսիվ հռետորաբանությունը, որը պառակտում էր հասարակությունը ներսից, այլև մարդու հիմնարար իրավունքների, ներառյալ՝ խոսքի ազատության ուղղակի ոտնահարումը։
Արևմտյան իրավապաշտպանները կարծես կուրացել էին, երբ Հայաստանի վարչապետը հրապարակայնորեն սպառնում էր արցախցի փախստական կնոջը և գոռում նրա վրա մետրոյում՝ անչափահաս երեխայի աչքի առաջ։ Նրանք չտեսան նաև այն, թե ինչպես է նա թափով քաշում մի կնոջ ձեռքից, որը համարձակվել էր ասել, որ չի ընդունում նրա պատրանքային խաղաղությունն ու անամպ ապագայի մասին խոստումները։ Ճիշտ այդպես Արևմուտքում նախընտրեցին աչք փակել արցախցի Արթուր Օսիպյանի ձերբակալության վրա, որին ճաղերի հետևը նետեցին միայն այն բանի համար, որ նախընտրական արշավի ժամանակ նա կառավարության ղեկավարին մեղադրել էր կոռուպցիայի մեջ։ Ընդ որում, ինքը՝ Փաշինյանը, չամաչեց ոստիկանության կողմից տարվող Օսիպյանի հետևից նետել. «Ինչո՞ւ չմեռար պատերազմում, գնայիր զոհվեիր»։
Փոխարենը, արևմտյան գործընկերները՝ համերաշխ, միաձայն և ի հեճուկս ինքնիշխան պետությունների ներքին գործերին չմիջամտելու սեփական հռչակագրերի, սկսեցին բացահայտ աջակցություն հայտնել Հայաստանի իշխող կուսակցությանը։ Ինչ արժեին միայն Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կամ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները, որը խորհրդարանական ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ անվերապահ աջակցություն հայտնեց գործող վարչապետի քաղաքականությանը։
Այս ամենը հանուն մեկ նպատակի՝ ապահովել Փաշինյանի իշխանության պահպանումը։ Նա էլ՝ հանուն իշխանությունը պահելու և արևմտյան բլիթների, պատրաստ է այսուհետ ևս զոհաբերել ազգային արժեքները, ինչպես նաև հետևողականորեն քանդել պատմական կապերը բարեկամական Ռուսաստանի և, հեռանկարում, Իրանի հետ։ Չէ՞ որ հենց Փաշինյանի և նրա թիմի շնորհիվ է հավաքական Արևմուտքը հակառուսական և հակաիրանական գործունեություն ծավալում Հարավային Կովկասում՝ հարմարավետ տեղավորվելով այս երկու տերությունների թիկունքում։
Իսկ ի՞նչ էին անում ընտրությունների միջազգային դիտորդները։ Նույնիսկ այնպիսի կանխակալ առաքելություն, ինչպիսին է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ), ստիպված եղավ ընդունել լուրջ խախտումների առկայությունը։
Եվրոպացի փորձագետների ամփոփիչ հայտարարության մեջ նշվում էր, որ նախընտրական արշավն անցել է ծայրահեղ առճակատման մթնոլորտում՝ «ատելություն բորբոքող և հրահրիչ կրկնվող արտահայտություններով, ներառյալ՝ պատերազմի հետ կապված ուղերձներով»։
Կազմակերպության երկարաժամկետ դիտորդները նաև արձանագրել են բողոքներ Երևանից և հանրապետության մարզերի մեծ մասից, որոնք վկայում են զանգվածային անհանգստության և ճնշումների մասին, որոնց տակ գտնվել են ընդդիմության կողմնակիցները։ Զեկույցում նշվում էր, որ այդ դիմումները վերաբերում էին ահաբեկման, անհիմն քննությունների և ընդդիմադիր ակտիվիստների ձերբակալությունների փաստերին։ Նաև առաքելության ներկայացուցիչները ուշադրություն են դարձրել այն բանին, որ Հանրային հեռուստատեսությունը բացահայտ կողմնակալություն է դրսևորել հօգուտ իշխող կուսակցության՝ գործելով իր իրավական պարտավորություններին և հանրային մանդատին հակառակ։
Սակայն, նույնիսկ կիրառելով ճնշման, հալածանքների ու ահաբեկման այս ամբողջ գործիքակազմը, զանգվածային կեղծիքներն ու ընդարձակ վարչական ռեսուրսը, Փաշինյանի իշխող ուժին չհաջողվեց ստանալ ընտրողների մեծամասնության աջակցությունը. նրա կուսակցությունը չհավաքեց բաղձալի 50% + 1 ձայնը։ Ապագա խորհրդարանի հստակ կոնֆիգուրացիան կորոշի վիճահարույց տեղամասերում քվեաթերթիկների վերահաշվարկը։ Միայն այն բանից հետո, երբ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հունիսի 14-ին կներկայացնի ընտրությունների վերջնական արդյունքները, ընդդիմադիր ուժերը կհայտարարեն իրենց հետագա գործողությունների մասին»։
Source: https://news.am/hy/news/1042340