Հռոմի Լևոն 14-րդ պապը չորեքշաբթի պատարագ կմատուցի Բարսելոնայի հանրահայտ Սագրադա Ֆամիլիա (Սուրբ Ընտանիքի քավության տաճար) բազիլիկում, որտեղ հայրապետական օրհնություն կփոխանցի եկեղեցի ամենաբարձր գմբեթին, որն այժմ պաշտոնապես համարվում է աշխարհի ամենաբարձր կրոնական կառույցը։
Յուրօրինակ մոդեռնիստական Սագրադա Ֆամիլիա բազիլիկը կառուցվում է արդեն ավելի քան 140 տարի։ Սակայն ընթացիկ տարվա փետրվարին շինարարներն ի վերջո ավարտեցին Հիսուս Քրիստոսի՝ մոտ 172,5 մետր բարձրություն ունեցող կենտրոնական աշտարակի կառուցումը, որը պսակված է հնգահարկ հսկայական կերամիկական խաչով։
Բարսելոնայում մատուցվելիք այս պատարագը կդառնա Լևոն XIV-ի՝ դեպի Իսպանիա մեկշաբաթյա այցի գագաթնակետը. սա նրա առաջին խոշոր եվրոպական ուղևորությունն է անցյալ տարի պապական գահին ընտրվելուց ի վեր և Հռոմեական կաթոլիկ եկեղեցու ղեկավարի առաջին այցը այս առավելապես կաթոլիկ երկիր վերջին 15 տարվա ընթացքում։
Թեև Իսպանիայում, ինչպես և ամբողջ Արևմտյան Եվրոպայում, եկեղեցի հաճախելու մակարդակը վերջին տարիներին կտրուկ նվազել է, Վատիկանը հայտնել է, որ կիրակի օրը Մադրիդի փողոցներ է դուրս եկել մոտ 1,2 միլիոն մարդ, երբ քահանայապետը գլխավորել է բացօթյա զանգվածային պատարագը։
Երկուշաբթի Լևոն XIV-ը դարձավ Իսպանիայի խորհրդարանում ելույթ ունեցած առաջին Հռոմի պապը։ Նա զգուշացրեց օրենսդիրներին, որ ռազմական հակամարտություններն ու քաղաքական բևեռացումը աշխարհը սուզում են «խոր հոգևոր և մշակութային ճգնաժամի» մեջ։
Քահանայապետը միաժամանակ հանդեսեկավ Եվրոպայի երկրների պաշտպանական ծախսերի կտրուկ աճի դեմ։ նա եվրոպական կառավարություններին կոչ արեց դրա փոխարեն միջոցներն ուղղել խաղաղարար նախաձեռնություններին և կարիքավորների օգնությանը։
«Զենքը կարող է պարտադրել միայն ժամանակավոր լռություն, բայց այն երբեք ընդունակ չէ կառուցել իսկական և հարատև խաղաղություն»,- ընդգծել է Պապը։
Երկու միջոցառումների ժամանակ էլ նա խոսել է գրեթե բացառապես իսպաներենով, ինչպես կանի նաև իր ուղևորության մեծ մասի ընթացքում։ Այդուհանդերձ, սպասվում է, որ իր ելույթի մի մասը նա կարտասանի կատալոներենով, որը Կատալոնիայի հիմնական լեզուն է։
Պապի այցը Սագրադա Ֆամիլիա համընկնում է այն մարդու մահվան հարյուրամյակի հետ, որն առաջինն է կյանքի կոչել այս նախագիծը՝ լեգենդար կատալոնացի ճարտարապետ Անտոնիո Գաուդիի։ Նրա մահից հետո Գաուդիի յուրօրինակ ճարտարապետական ոճը, որը հաճախ ներառում է բնապաշտական ու տարօրինակ տարրեր, դարձավ Բարսելոնայի այցեքարտը։
Գաուդին ստանձնել է Սագրադա Ֆամիլիայի շինարարության ղեկավարումը 1883 թվականին՝ լի վճռականությամբ կանգնեցնելու կաթոլիկ հավատքի մի վեհաշուք հուշարձան, որի ձևն ու նյութակզմվածքը արմատապես տարբերվում էին այդ ժամանակաշրջանի ցանկացած այլ եկեղեցուց։
Նրա աշխատանքը դեռ հեռու էր ավարտից, երբ 1926 թվականի հունիսի 10-ին նա ընկավ տրամվայի տակ և մահացավ։ Գաուդին, լինելով խորապես հավատացյալ կաթոլիկ, հայտնի էր մաշված հագուստ կրելով, և անցորդներն սկզբում նրան շփոթել էին մուրացկանի հետ, ինչի պատճառով մեծ ճարտարապետը չէր կարողացել անհապաղ բժշկական օգնություն ստանալ։
Սագրադա Ֆամիլիայի մտահղացումը մի ամբողջ դարով վերապրեց իր ստեղծողին։ Աշխատանքներն այսօր էլ շարունակվում են. ճարտարապետների ծրագրերով՝ լայնամասշտաբ բազիլիկն ամբողջությամբ կավարտվի մինչև 2034 թվականը։ Տաճարի այսօրվա այցելուների մոտ 90%-ը օտարերկրացիներ են, որոնց մուտքի վճարներով էլ հենց ֆինանսավորվում է շինարարությունը։
Source: https://news.am/hy/news/1042374