«Stellantis» ավտոկոնցեռնը հայտարարել է աշխարհում «Jeep» մակնիշի ավելի քան 1,3 միլիոն ավտոմեքենա հետ կանչելու մասին։ Դա կապված է մեքենաների հրդեհման վտանգի հետ։ Այս մասին հաղորդում է «Reuters» գործակալությունը։
Հետկանչը վերաբերում է «Jeep Wrangler» ամենագնացներին և «Jeep Gladiator» պիկապներին։ Պատճառը էլեկտրահիդրավլիկ ղեկային ուժեղացուցիչի հաղորդալարերի էլեկտրական միացման հնարավոր անսարքությունն է, որը եզակի դեպքերում կարող է հանգեցնել գերտաքացման և հրդեհի բռնկման։
Ընկերությունը սեփականատերերին խորհուրդ է տալիս մինչև թերության վերացումը մեքենաները կայանել շենքերից և այլ տրանսպորտային միջոցներից հեռու գտնվող վայրերում։ Հետկանչի որոշումն ընդհանուր առմամբ վերաբերում է մոտ 1,08 միլիոն մեքենայի ԱՄՆ-ում, 106 հազարի՝ Կանադայում, 23 հազարի՝ Մեքսիկայում և շուրջ 125 հազարի՝ այլ շուկաներում։
«Stellantis»-ի տվյալներով՝ նորոգումը ներառելու է հաղորդալարերի կամ ղեկի ուժեղացուցիչի պոմպի ստուգում և, անհրաժեշտության դեպքում, փոխարինում։ Ակնկալվում է, որ խնդրի լուծումը պատրաստ կլինի ոչ ուշ, քան հուլիսին։ Հաղորդվում է այս թերության հետ կապված հնարավոր վնասվածք ստանալու մեկ դեպքի մասին։
Source: https://news.am/hy/news/1042191