Եվրոպական միությունն առաջարկել է սահմանափակող միջոցների 21-րդ փաթեթը մտցնել Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցների նոր ալիքն ուղղված է ռուսական բանկերի և կրիպտոարժութային ցանցերի լայնամասշտաբ արգելափակմանը, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի արտադրության, նավթի վաճառքով զբաղվողների և նավթավերամշակման գործարանների դեմ։ Առաջարկի մասին հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը, հաղորդում է Reuters-ը։
Նոր փաթեթի շրջանակում առաջարկվում է սև ցուցակներում ներառել 170 ֆիզիկական և իրավաբանական անձանց։ Դրանց թվում են 90 բանկեր. դա ցուցակի ամենախոշոր միաժամանակյա ընդլայնումն է, որը պատժամիջոցների տակ գտնվող ռուսական բանկերի ընդհանուր թիվը կհասցնի ավելի քան 100 կազմակերպության։ Այսպիսով, սահմանափակումների ներքո կհայտնվի միջազգային թղթակցային կապեր ունեցող ռուսական 213 վարկային հաստատությունների ավելի քան կեսը։
Ֆինանսական կազմակերպությունները կհայտնվեն ԵՄ արգելափակող պատժամիջոցների ամբողջ տիրույթում, ներառյալ ակտիվների սառեցումը, ղեկավարության ուղևորությունների արգելքը և գործարքների իրականացման արգելքը։ Փաթեթի նախագիծը չորեքշաբթի կներկայացվի ԵՄ երկրների դեսպաններին՝ պաշտոնական բանակցություններ սկսելու համար։
Հիշեցնենք, որ պատժամիջոցների ընդունման համար պահանջվում է միության անդամ բոլոր պետությունների միաձայն հավանությունը։
«Մենք մտադիր ենք հզոր հարված հասցնել Ռուսաստանի ֆինանսական հատվածին՝ սառեցնելով գրեթե 90 բանկերի ակտիվները և գործարքների լրացուցիչ արգելքներ մտցնելով Ռուսաստանի և երրորդ երկրների ավելի քան 30 բանկերի համար»,- X սոցիալական ցանցի իր հրապարակման մեջ հայտարարել է Կայա Կալասը։
ԵՄ դիվանագիտական աղբյուրը, անանունության պայմանով, պարզաբանել է, որ փաթեթի գլխավոր նպատակն է խստորեն թուլացնել Ռուսաստանի ֆինանսական համակարգը և դրանով իսկ «մղել» Մոսկվային՝ Ուկրաինայի հետ խաղաղ բանակցություններ սկսելու համար։
ԵՄ նոր փաթեթն առաջարկում է գործարքների արգելք սահմանել 35 բանկերի (որոնցից չորսը Ռուսաստանի սահմաններից դուրս են), ինչպես նաև 11 կրիպտոարժութային հարթակների նկատմամբ, որոնք օգնում են ՌԴ-ին շրջանցել արևմտյան սահմանափակումները, ներառյալ՝ երրորդ երկրների տարածքում։
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ այս փաթեթը հիմք է դնում ապագայում պետությունների ազգային մակարդակներում կրիպտոարժույթների ոլորտում էլ ավելի խիստ միջոցների կիրառման համար։
Ղրղզստանն արդեն դարձել է առաջին երրորդ երկիրը, որը հայտնվել է պատժամիջոցների շրջանցման դեմ պայքարի եվրոպական մեխանիզմի ազդեցության տակ՝ մասնակիորեն ռուսական կրիպտոարժութային գործարքներում իր ունեցած դերի պատճառով։ Հիշեցնենք, որ պատժամիջոցների նախորդ՝ 20-րդ փաթեթի շրջանակում, Բիշքեկին արգելվել էր ԵՄ-ից մետաղամշակման հաստոցներ և հեռահաղորդակցային սարքավորումներ ներմուծել։
Եվրոպական հանձնաժողովն առաջարկում է վեց ամիս ժամկետով սառեցնել ռուսական նավթի գների առավելագույն շեմը ընթացիկ մակարդակի վրա։ Այսօրվա դրությամբ լիմիտը սահմանված է մեկ բարելի համար 44,10 դոլարի նշագծին, ինչը զգալիորեն ցածր է Brent ապրանքանիշի նավթի ֆյուչերսների գներից, որոնք վաճառվում են 90 դոլարից բարձր։
Բացի դրանից, նոր պատժամիջոցների տակ կհայտնվեն երրորդ երկրում գտնվող մեկ նավթավերամշակման գործարան և մի շարք միջազգային նավթային թրեյդերներ։ Եվրոհանձնաժողովը մտադիր է միաժամանակ խստացնել ռուսական հեղուկացված բնական գազի նկատմամբ սահմանափակումները, մասնավորապես՝ արգելել բեռների վերավաճառքը լցանավից լցանավ, սև ցուցակներում ներառել ռուսական «ստվերային նավատորմի» ևս 30 նավ և ընդլայնել պատժամիջոցների չափանիշները այն նավերի նկատմամբ, որոնք մասնակցում են պատժամիջոցների տակ գտնվող նավերի վառելիքի մատակարարմանը կամ դրանց բեռների բեռնաթափմանը։
Ի հավելումն սրա՝ փաթեթն առաջին անգամ սահմանափակումներ է մտցնում ռուսական ձկան ներմուծման վրա, ինչպես նաև արտահանման-ներմուծման արգելքներ՝ բարձր տեխնոլոգիական մետաղական համաձուլվածքների նկատմամբ, որոնք կրիտիկական նշանակություն ունեն պաշտպանական և օդատիեզերական արդյունաբերության համար։
Source: https://news.am/hy/news/1042392