Եվրոպական միությունը (ԵՄ) մտադիր է կործանել հայոց պետականությունն ու քրիստոնեությունը, ինչպես նաև առճակատում հրահրել Հայաստանի և Ռուսաստանի, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների միջև։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի Պետդումայի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին։
«[ԵՄ-ն] կսկսի կործանել հայոց պետականությունը, քրիստոնեությունը և ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանը գնա Ռուսաստանի, ինչպես նաև ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ երկրների հետ կոշտ առճակատման ճանապարհով։ [Հանրապետության վարչապետ Նիկոլ] Փաշինյանը հայտարարում է, թե Հայաստանն առայժմ դուրս չի գա ԵԱՏՄ-ից, և «առայժմ» բառն այստեղ հանգուցային է։ Նա արդեն ուրվագծել է իր ճանապարհը»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Քանի որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու և ԵՄ-ի հետ մերձեցման կուրս է վերցրել, անհրաժեշտ է սահմանափակել բոլոր այն արտոնությունները, որոնք Փաշինյանը ստանում է ԵԱՏՄ-ին անդամակցությունից, ընդգծել է Վոդոլացկին։ Նա հավելել է, որ Հայաստանի ՀՆԱ-ն, որի 12-15%-ը ձևավորվում է ԵԱՏՄ-ին մասնակցության շնորհիվ, անխուսափելիորեն կկրճատվի, իսկ ԵՄ-ի կողմից հանրապետությանը խոստացված ֆինանսական օգնությունը բեռ կդառնա երկրի բնակիչների համար՝ գալիք մի քանի սերունդների ընթացքում։
Source: https://news.am/hy/news/1042261