ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հույս է հայտնել, որ հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում տիրող իրավիճակը կկայունանա։

«Հուսանք, որ իրավիճակը Հայաստանում կկայունանա»,- ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է նա։ Համագործակցության գլխավոր քարտուղարը նշել է, որ ընտրություններն անցել են բարդ պայմաններում, և ԱՊՀ դիտորդական առաքելությունը նույնպես տեսել է այն, ինչ տեղի էր ունենում նախքան քվեարկության մեկնարկը։ «Բայց ընդհանուր առմամբ մեր առաքելությունն արձանագրեց, որ ընտրատեղամասերում ամեն ինչ նորմալ էր»,- հավելել է նա։

Ըստ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական ճշգրտված տվյալների՝ ընտրությունների արդյունքներով խորհրդարան են անցնում երեք քաղաքական ուժեր՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (քվեների 49,825%-ը), գործարար Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» դաշինքը (23,281%-ը) և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը (քվեների 9,934%-ը)։ Տեղացի դիտորդներն ու ընդդիմությունն ահազանգել են քվեարկության ընթացքում արձանագրված աննախադեպ խախտումների մասին։ Ընտրություններն ուղեկցվել են ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների ձերբակալություններով՝ ինչպես նախընտրական արշավի, այնպես էլ լռության և քվեարկության օրերին։ Գործարար Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, որը, նախնական տվյալներով, չի հաղթահարում 4%-ի շեմը, հայտարարել են, որ մի շարք ընտրատեղամասերում ձայների վերահաշվարկի հայտ են ներկայացրել ԿԸՀ։

Source: https://news.am/hy/news/1042254