Ի սեր Աստծո, կամ ավելի շուտ՝ ի սեր հանրության, մի ասեք միայն, թե՝ ընդդիմության մանդատները չվերցնելով, Նիկոլ Փաշինյանն ապալեգիտիմանում է: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ես չգիտեմ, ինչ որոշում կկայացնեն ընդդիմադիր ուժերը մանդատների հարցում՝ այստեղ կարող են լինել քննարկելու շատ հանգամանքներ, բայց մի հարցում վստահ եմ՝ Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության հարցում դա ունենալու է ԶՐՈ, կրկնեմ՝ ԶՐՈ նշանակություն:
Այդ ու՞մ համար է Փաշինյանը դառնալու ոչ լեգիտիմ: Ընդդիմության էլեկտորատի՞: Այսինքն, որեւէ մեկն ուզում է ասել, որ՝ մանդատները վերցնելու պարագայում ընդդիմադիր էլեկտորատը Նիկոլ Փաշինյանին համարելու է լեգիտի՞մ: Լու՞րջ:
Հիմա, որ 2021 թվականից հետո «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները վերցրին մանդատները, Փաշինյանը նրանց ընտրողների համար դարձավ լեգիտի՞մ: Ներեցեք, բայց սա լուրջ չէ: Ծայրահեղ անլուրջ է մտածել, թե մանդատները չվերցնելու դեպքում Փաշինյանն ապալեգիտիմանալու է իր ընտրողի, «չեզոքների», եւ առավել եւս՝ նրա վրա խաղադրույք կատարած աշխարհաքաղաքական դերակատարների համար:
Եվ վերջապես՝ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ վաղուց: Լեգիտիմությունը՝ որպես երեւույթ, ունի շատ ավելի բարդ կառուցվածք, քան մատուցվում կամ պատկերացվում է: Այդ կառուցվածքը փլուզվել է վաղուց: Հետեւաբար, մանդատների հարը այստեղ որեւէ բան չորոշող է:
Կրկնեմ, վերցնել, թե ոչ, սա կարող է լինել քննարկման առարկա, բայց «լեգիտիմացման»-«ապալեգիտիմացման» բաղադրիչ այստեղ բացարձակապես չկա»։
Source: https://news.am/hy/news/1042273