ԱՄՆ Կոնգրեսն առաջ է մղում օրինագիծ, որն արմատապես ընդլայնում է պաշտպանական և հետախուզական տվյալների փոխանակումը Իսրայելի հետ՝ ստվերում թողնելով նույնիսկ անգլախոս երկրների «Հինգ աչք» (Five Eyes) լրտեսական դաշինքը։ Փաստաթուղթն իրավաբանորեն կապում է Ամերիկային մի պետության հետ, որը մեղադրվում է մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մեջ, գրում է Independent-ը։

«Իսրայելի հետ առանց այդ էլ սերտ կապերի պարտադիր ընդլայնումը այնպիսի քաղաքական գործիչների, ինչպիսին է Բենիամին Նեթանյահուն (որի նկատմամբ Միջազգային քրեական դատարանը (ICC) կալանավորման հրամանագիր է արձակել մարդկության դեմ ենթադրյալ հանցագործությունների համար), հասանելիություն կապահովի ԱՄՆ հետախուզական համայնքի ամենագաղտնի տվյալներին։ Այդ օրինագիծն անցնում է Կոնգրեսով՝ լիակատար երկկուսակցական աջակցությամբ։

Առաջարկվող օրենքը՝ «2027 ֆինանսական տարվա հետախուզության հատկացումների մասին ակտը» (FY2027 Intelligence Authorization Act), բաղկացած է գրեթե 200 էջից։ Սակայն 118-րդ էջում թաքնված է 622-րդ հոդվածը։ Եթե այն, ինչպես մեծ հավանականությամբ սպասվում է, ընդունվի, Իսրայելն ու Ամերիկան փաստացի կվերածվեն մեկ միասնական պետության, երբ խոսքը վերաբերի գաղտնիքների փոխանակմանը։

«Հինգ աչք» (Five Eyes) դաշինքի շրջանակում նախկին պայմանավորվածությունները, ըստ որոնց ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան և Նոր Զելանդիան աշխատում են միասին և կիսվում են միմյանց հետ ամբողջ տեղեկատվությամբ՝ բացառությամբ ամենագաղտնիի, այժմ կհայտնվեն ստորադաս վիճակում՝ Իսրայելի հանդեպ ԱՄՆ-ի ստանձնած պարտավորությունների համեմատ։

Նման փոփոխությունները կարող են հաստատվել միայն Կոնգրեսում քվեարկության միջոցով։ Հատկանշական է, որ դա տեղի է ունենում The New York Times-ի այն հրապարակումների ֆոնին, ըստ որոնց Պենտագոնը նախազգուշացում է ուղարկել իր աշխատակիցներին առ այն, որ Իսրայելն ագրեսիվ լրտեսական գործունեություն է ծավալում իր ամենահավատարիմ դաշնակցի՝ Միացյալ Նահանգների դեմ։

Ըստ առաջարկվող օրինագծի տեքստի. «Հետախուզական տեղեկատվության փոխանակումը... պետք է ներառի այնպիսի տվյալների փոխանցում, որոնք վերաբերում են կիբերսպառնալիքներին, ահաբեկչությանը, պատժամիջոցներից խուսափելուն, պետական և ոչ պետական դերակատարների ծրագրերին ու մտադրություններին, հակառակորդի տեխնոլոգիաների տարածմանը, հրթիռային սպառնալիքներին, անօդաչու ավիացիոն համակարգերին, թևավոր, բալիստիկ և զենիթային հրթիռներին, օդային և տիեզերական տարածությունում իրազեկվածությանը, ինչպես նաև օդային այլ սպառնալիքներին, որոնք նշանակություն ունեն Իսրայելի պաշտպանության, տարածաշրջանում ԱՄՆ-ի ուժերի ու շահերի և տարածաշրջանային անվտանգության գործընկերների համար»։

Այդ դրույթը փաստացիորեն Կենտրոնական հետախուզական վարչությանը (CIA), Ազգային անվտանգության գործակալությանը (NSA), Հետաքննությունների դաշնային բյուրոյին (FBI) և ԱՄՆ անվտանգության բազմաթիվ այլ կառույցներին զրկում է Իսրայելից ունեցած ինքնավարությունից։ Ավելին, անհասկանալի է մնում, թե ինչպես ԱՄՆ-ն կկարողանա և արդյոք ընդհանրապես կկարողանա իսրայելցի առաջնորդներից ու հատուկ ծառայություններից պաշտպանել այն տեղեկատվությունը, որն ինքը ստանում է բրիտանական MI6 ծառայությունից և Կառավարական կապի կենտրոնից (GCHQ):

Յոավ Գալանտը՝ Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) նախկին ղեկավարը, որը ևս որոնվում է ՄՔԴ-ի կողմից ենթադրյալ ռազմական հանցագործությունների համար, նոր օրենսդրության շրջանակում հասանելիություն կստանա ամերիկյան գաղտնիքներին՝ վարչապետ Նեթանյահուի անձնական հայեցողությամբ։

Source: https://news.am/hy/news/1042375