ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմի դադարեցման մասին համաձայնագրի կնքումը առաջիկա մի քանի օրերին «քիչ հավանական է» պահպանվող «բարդ իրավիճակի» պատճառով՝ գլխավորապես Լիբանանի հարավում Իսրայելի կողմից հրադադարի ռեժիմի «չդադարող» խախտումների հետևանքով, հաղորդում է թուրքական Anadolu լրատվական գործակալությունը՝ հղում անելով Պակիստանի կառավարությունում իր աղբյուրին։

Մեկնաբանությունները հնչել են ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության, ըստ որի Իրանի հետ համաձայնության հասնելու և մերձավորարևելյան ձգձգվող հակամարտությունն ավարտելու համար կարող է ընդամենը «երկու-երեք օր» պահանջվել:

«Կարծում եմ՝ մենք... շատ մոտ ենք շատ, շատ լավ, հաստատուն և հզոր գործարքի կնքմանը»,- երկուշաբթի լրագրողներին հայտարարել էր Թրամփը։ Այն հարցին, թե խոսքը օրերի՞, թե՞ շաբաթների մասին է, նա պատասխանել էր, որ դա կտևի «երկու-երեք օր»։

Սակայն բանակցային գործընթացին մոտ կանգնած աղբյուրը հակառակ կարծիքն է հայտնել։ «Իրավիճակը բարդ է և թևակոխել է զգայուն փուլ՝ հաշվի առնելով Իսրայելի կողմից հրադադարի ռեժիմի չդադարող խախտումները։ Այս հանգամանքներում համաձայնագրի անհապաղ ստորագրումը չափազանց քիչ հավանական է»։

Այս պահին, հավելել են աղբյուրները, Իսլամաբադի գլխավոր առաջնահերթությունը հրադադարի խախտումների դադարեցումն է և երկու հակամարտող կողմերին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելը։

Եթե Իսրայելն անհապաղ դադարեցնի իր ռազմական գործողությունները Լիբանանի հարավում, իսկ ԱՄՆ-ն ու Թեհրանը համաձայնեն վերսկսել ուղղակի շփումները, համաձայնության շուտափույթ ձեռքբերման շանսերը կլինեն «բարձր», քանի որ «վիճելի հարցերի մեծ մասն արդեն կարգավորված է», նշել է աղբյուրը։

«Սակայն այս գործընթացը հնարավոր չէ ավարտել երկու-երեք օրում»,- հավելել է գործակալության զրուցակիցը։

Աղբյուրները պնդում են, որ անցյալ ամսվա վերջին երկու պատերազմող կողմերը գտնվում էին պատերազմի դադարեցման մասին ժամանակավոր համաձայնագրի ստորագրման «մեկ քայլ հեռավորության վրա», սակայն իսրայելական լայնամասշտաբ ներխուժումը և Լիբանանի հարավում տարածքների զավթումը տապալեցին այդ գործընթացը։

Չնայած դժվարություններին՝ Իսլամաբադն «առաջընթաց» է ակնկալում իր դիվանագիտական ջանքերում՝ ուղղված Լիբանանի հարավում իսրայելական ռազմական գործողությունների դադարեցմանը «մի քանի օրվա ընթացքում», ինչը պետք է ճանապարհ հարթի ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղղակի բանակցությունների վերսկսման համար։

Պակիստանը տարածաշրջանային գործընկերների, դրանց թվում՝ Կատարի հետ համատեղ «շարունակում է աշխատանքը», որպեսզի համոզի Թրամփին «առավելագույն» ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ լիբանանյան տարածքում նրա ռազմական արշավը կանգնեցնելու նպատակով։

Աղբյուրները հավելել են, որ Իսլամաբադը Սպիտակ տնից լիբանանյան ուղղությամբ «դրական արձագանք» է ստացել, թեև Իսրայելը շարունակում է իր հարձակումները հանրապետության հարավում։ «Առայժմ իսրայելական հարվածների դադարեցման անմիջական նշաններ չկան։ Այդուհանդերձ, հաշվի առնելով նախագահ Թրամփի դրական արձագանքը, Պակիստանը հույս ունի առաջիկա օրերին բեկման հասնել»,- եզրափակել է աղբյուրը։

Source: https://news.am/hy/news/1042354