Ամազոնի արևադարձային անտառներում գիտնականները սարդի նոր տեսակ են հայտնաբերել, որին գրեթե անհնար է տարբերել մահացու մակաբույծ սնկից։ Էկվադորի ջունգլիներում հայտնաբերված այս արարածը ստացել է Taczanowskia waska անվանումը և հայտնաբերման պահին գլխիվայր կպած է եղել տերևին, գրում է Daily Star-ը։

Ի սկզբանե հետազոտողները կարծել են, թե դա սովորական սունկ է։ Սակայն ավելի մոտիկից զննելիս պարզվել է, որ այդ տարօրինակ գոյացությունը յուրահատուկ միմիկրիա կիրառող գիշատիչ է։ Taczanowskia waska-ն դարձել է առաջին սարդը, որը նմանակում է Gibellula սնկին։ Վերջինս իրական «զոմբի-մակաբույծ» է, որը վարակում է սարդակերպերին, իսկ հետո աճում նրանց մարմնի միջից։

Այս տեսքն ստանալու համար սարդի փորիկի վրա երկարավուն բշտիկներ են առաջացել, իսկ մարմինն ստացել է դժգույն, կավճանման երանգ, ինչը լիովին համապատասխանում է սնկային վարակին։ Այն վայրերում, որտեղ աճում է այս սունկը, սարդն անշարժանում է տերևների տակ՝ մոլորության մեջ գցելով իրեն որսացող գիշատիչներին, որոնք նրան ընդունում են որպես փտած ու անպետք ավար։

Source: https://news.am/hy/news/1042310