Թուրքիայի «Ակկույու» ատոմակայանի թիվ 1 էներգաբլոկում ավարտվել է ռեակտորի սառը և տաք գործարկման փորձարկումներին նախորդող հիմնական փուլերից մեկը։ Ռեակտորի կորպուսում են տեղադրվել ջերմատվիչ հավաքակազմերի նմանակները (ՋՏՀՆ): Այս մասին հայտնել են «Ակկույու Նուկլեար» ընկերության մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ նմանակների տեղադրումը գործարկման-կարգաբերման աշխատանքների նախապատրաստման վերջին փուլերից է և նախորդում է ռեակտորի ֆիզիկական գործարկմանը: Այս գործողությունները թույլ են տալիս ստուգել սարքավորումների պատրաստվածությունն ու մշակել տեխնոլոգիական գործընթացները՝ առանց միջուկային վառելիքի օգտագործման։

Ռեակտորում ընդհանուր առմամբ տեղադրվել է 163 նմանակող հավաքակազմ, որոնք իրենց պարամետրերով ամբողջությամբ կրկնում են ապագա վառելիքի բնութագրերը, սակայն միջուկային նյութեր չեն պարունակում։ Դրանք արտադրվել են «Ռոսատոմի» վառելիքային դիվիզիոնի ձեռնարկություններում։

Այս փուլի ավարտից հետո մասնագետները կանցնեն հաջորդ քայլին՝ ռեակտորային կայանքի սառը և տաք գործարկման փորձարկումներին ու էներգաբլոկի հետագա շահագործման նախապատրաստմանը։

Source: https://news.am/hy/news/1042234