«Թալիբան» շարժման առաջնորդ, Աֆղանստանի գերագույն ղեկավար Հայբաթուլլա Ախունձադան հրահանգել է արգելել սմարթֆոնների օգտագործումը շարժման անդամների և պետական ծառայողների համար։ Հունիսի 8-ին այս մասին հայտնել է «Afghanistan International» հեռուստաալիքը՝ հղում անելով համապատասխան փաստաթղթին։

Չնայած իրավական հիմնավորման առկայությանը, նշվում է, որ Ախունձադայի հրամանը եղել է «բանավոր»։ Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ փաստաթղթում նոր օրենքը խախտողները «որակվում են որպես հանցագործներ, ինչպես նաև նախազգուշացում կա, որ նրանք կարող են կանգնել ռազմական տրիբունալի առաջ»։

«Afghanistan International»-ի տվյալներով՝ հրահանգը փոխանցվել է Աֆղանստանի ութ գոտիների ռազմական դատարանների ղեկավարներին։ Որոշմանը ծանոթացել են նաև ոստիկանապետերն ու հետախուզական կառույցների ներկայացուցիչները։ Ինչպես պնդում է աղբյուրը, պատասխանատու անձանց հանձնարարվել է ապահովել արգելքի կատարումն ու դրա իրականացման մասին պարբերաբար զեկուցել շարժման ղեկավարությանը։

Նոր կանոնների պահպանմանը հետևելու համար պատրաստվել է հատուկ ռեեստր։ Դրանում ներառվում են աշխատակիցների տվյալները, այդ թվում՝ նրանց պաշտոնները, ծառայության վայրը, բջջային օպերատորն ու հեռախոսահամարը։ Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ նրանք գտնվելու են հսկողության տակ։

«KabulNow» լրատվական պորտալը հստակեցնում է, որ հրամանի արձակումից հետո «Թալիբանը» տեսանյութ է տարածել, որտեղ շարժման անդամներից մեկը ոչնչացնում է իր սմարթֆոնը։ Պարբերականը հավելում է, որ այս քայլն ուղղված է անվտանգության նկատառումներով «ներքին կարգապահության ուժեղացմանը» և տեղեկատվության վերահսկողությանը։

Ինչպես հայտնում է «Afghanistan International»-ը, այս հրամանից երեք օր առաջ «Թալիբանի» կրթության նախարարության հրահանգով ուսանողներին ու աշակերտներին արգելվել էր սմարթֆոններ բերել դպրոցներ կամ կրոնական ճեմարաններ։ Գերատեսչության ղեկավարը բջջային հեռախոսներն անվանել էր «մուսուլմանների երեք գլխավոր թշնամիներից մեկը»։

Source: https://news.am/hy/news/1042246