2026 թվականի առաջին չորս ամիսների ընթացքում մինչև 18 տարեկան 800 պատանի է հրաժարվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից։ Հունիսի 9-ին խորհրդարանի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2025 թվականի պետական բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ, այս մասին հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։

Նա նշել է, որ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվող մինչև 18 տարեկան արական սեռի անձանց թիվն այսօր էլ ծայրահեղ բարձր է մնում։ «Այս տարվա առաջին չորս ամսում ավելի քան 800 տղա հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից։ Դա նշանակում է, որ 18 տարին լրանալուց հետո նրանք ենթակա չեն լինի զորակոչի։ Եթե այս թիվը բազմապատկենք երեքով՝ հասկանալու համար, թե որքան կլինի տարեկան ցուցանիշը, կստանանք մոտավորապես նախորդ տարվա պատկերը՝ քաղաքացիությունից հրաժարված մինչև 18 տարեկան 2500-ից 3000 պատանի։ Սա լրջագույն խնդիր է մեր բանակի համար և կազմում է մեր տարեկան զորակոչի զգալի մասը»,- ասել է Սարգսյանը։

Source: https://news.am/hy/news/1042244